Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Նախարարության փոխանցմամբ, Մինասյանը բարձր է գնահատել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հետ նախարարության համագործակցության ներկա մակարդակը և կարևորել բնապահպանական առանցքային հարցերի շուրջ փոխգործակցության ընդլայնումը:
Արգո Ավակովը նշել է, որ բնապահպանության նախարարության հետ համակարգված աշխատանքը կբարձրացնի համատեղ իրականացվող ձեռնարկումների արդյունավետությունը:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում քաղաքականության մշակման, տարբեր ուղղություններով նախարարության կարողությունների հզորացման, Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին վերաբերող հարցեր և նախանշել համագործակցության մեխանիզմները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Օրհուսի կոնվենցիայի պահանջներին Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև Հայաստանում գործող 15 բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոննորի գործունեությանը վերաբերող հարցերի:
Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քննարկվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել համագործակցության շրջանակներն ընդլայնել` ի նպաստ Հայաստանի բնապահպանական ոլորտն կարգավորող իրավական դաշտի կատարելագործման և առկա խնդիրների լուծման: