Մեկ ամիս առաջ գործադիրի նիստում, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց պետական մարմինների համար ավիատոմսերի ձեռք բերման էլեկտրոնային համակարգը, վարչապետ Կարեն Կարապետյանը կտրուկ հայտարարություն արեց՝ խոսելով կառավարությունում տեղ գտած գողության մասին:
«Բավականին բարդ համակարգ է: Թե ինչին է ուղղված՝ բոլորդ հասկանում եք: Այդ իսկ պատճառով հանձնարարական՝ մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում էդ ամեն ինչը բերեք կարգի․․․ Ինձ որ պատմում են ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա: Եթե էդ մարդիկ էդ խելքը օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավ կլիներ», - ասել էր Կարեն Կարապետյանը:
Ուշագրավ է, որ նման կոշտ հայտարարությունից հետո կառավարության որևէ անդամ չարձագանքեց: Լուռ էին նաև նիստին ներկա իրավապահ բոլոր մարմինների ղեկավարները:
Հայտարարությունից մեկ շաբաթ անց «Ազատությունը» հետաքրքրվեց իրավապահ մարմինների ղեկավարներից՝ ինչո՞ւ էին լուռ և ի՞նչ են ձեռնարկել գողության մասին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հրապարակային հայտարարության կապակցությամբ:
Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյանը միայն արձագանքեց, որ վարչապետի հայտարարության կապակցությամբ «համապատասխան միջոցառումներ են իրականացվում»՝ առանց մանրամասներ նշելու:
Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն, Արզուման Հարությունյանի որդին՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, վարչապետ Կարեն Կարապետյանի դստեր ամուսինն է:
Երկու շաբաթ առաջ «Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայության՝ խնդրելով մանրամասնել՝ ի վերջո ի՞նչ միջոցառումների մասին էր խոսել ծառայության փոխտնօրենը, և վարչապետի այդ հայտարարության կապակցությամբ ընդհանրապես որևէ ուսումասիրություն իրականացվե՞լ է:
Ինչպես ասացինք, պատասխան չունենք, թեև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պարտավորեցնում է պետական մարմիններին գրավոր հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում:
Ինչ վերաբերում է իրավապահ մյուս մարմիններին, ապա կառավարությունում տեղ գտած գողության մասին Կարեն Կարապետյանի խոսքերից հետո այդ կառույցները շարունակում են միահամուռ լռություն պահպանել:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, ցանկացած իրավական երկրում նման բարձրաստիճան պաշտոնյանի այդպիսի հայտարարությանը անմիջապես կհետևին իրավապահ մարմինների գործողությունները․ - «Հայաստանի Հանրապետությունում բոլորը գիտեն, որ իշխանական համակարգը վերից վար կոռումպացված է, վերից վար բոլորը զբաղված են գողությամբ: Հայաստանի ամենահարուստ մարդիկ Հայաստանի իշխանավորներն են՝ որպես կանոն, կամ իշխանության շրջակայքում, մոտակայքում պտտվող անհատները ու մարդիկ: Նախ, Կարեն Կարապետյանը նորություն չէր ասել, բոլորս գիտենք դա: Երկրորդը, կարծում եմ, նրա արած էդ հայտարարության հետ կապված նրան արդեն զգուշացվել է հայտարարություններում լինել զգույշ և ուշադիր, նման բառակապակցություն օգտագործելուց հրաժարվել: Որովհետև եթե հանկարծ ինչ-որ հրաշքով որևէ իրավապահ մարմին փորձեր գնալ էդ հայտարարության հետքերով, ապա իրենք իրենց պետք է ձերբակալեին և իրենք իրենց պետք է դատապարտեին: Մի բան, որ հնարավոր է կինոներում, բայց ոչ իրական կյանքում, էն էլ՝ հայաստանյան կյանքում»: