«Էդ ռիսկով տղեքի վիզ դրած փողերի մի մասը գոնե որպես ներդրում վերադարձնելու տնտեսություն», - կառավարության ծրագրի ներկայացմանը հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում Կարեն Կարապետյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր:
«Ինչքան ա այսօր գողացվել, ես այդ թվին չեմ տիրապետում: Ռիսկով տղաներին ասելու ենք փող բերեն, թե չէ․․․ մենք ասելու ենք փող բերեք բոլոր նրանց, ովքեր որ փող պետք ա բերեն: Հիմա իրանք ռիսկով են, ռիսկով չեն, դա ինչ կապ ունի», - արձագանքեց վարչապետը:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մոնոպոլիստներին թվարկեց՝ Կարեն Կարապետյանից ճշտելով, թե արդյոք նրանք շարունակելու են մնալ գերիշխող դիրքերում․ - «Սամվել Ալեքսանյանի շաքարային մոնոպոլիան․․․ օրինակա՞ն ա ձևավորվել, թե՞ ոչ-օրինական: Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բանանի մենաշնորհը օրինակա՞ն ա, թե՞ օրինական չի: Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հեռուստատեսային մեդիա դաշտում ունի գերիշխող դիրք․ հիմա դա օրինակա՞ն ա, թե՞ օրինական չի: Եվ Դուք անելիք տեսնո՞ւմ եք, թե՞ չէ»:
Վարչապետի արձագանքը․ - «Ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ: Շատ պարզ՝ խաղի կանոնները լինելու են նույն ձևի»:
Ռուբիկ Հակոբյանին հետաքրքրում էր, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում այն փաստին, որ պետական համակարգը գերծանրաբեռնված է պաշտոնյանների զավակներով ու ազգականներով: Թեման շարունակեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պարզաբանում պահանջելով անձամբ վարչապետից․ - «Հեղեղված է մամուլը, որ Դուք ձեր բարեկամներին, մտերիմներին եք նշանակում տարբեր պաշտոնների, և իրենք էլ, իրենց հերթին, իրենց բարեկամ, ծանոթներին են ընդունում: Ես կուզենայի սրա մասին Դուք խոսեիք, հերքեիք կամ հաստատեիք»:
«Առ այսօր մի հատ բարեկամ չեմ նշանակել: Եթե գիտեք՝ հուշեք», - հակադարձեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով․ - «Բայց չեմ բացառում՝ վաղը-մյուս օրը կնշանակեմ»:
Հարց ու պատասխանին հաջորդած ելույթներում ընդդիմադիրներն իրենց անվստահությունը հայտնեցին կառավարության ծրագրին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ Կարեն Կարապետյանը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխող Հանրապետականը․ - «Ես չեմ կարծում, որ կախարդական փայտիկ է պետք՝ հայտնաբերելու, թե ովքեր են էն անձինք, ովքեր մոնոպոլացրել են Հայաստանի տնտեսությունը: Մի մասը այստեղ են նստած, մի մասը այստեղից դուրս են: Բարդ է դրանց դեմ պայքարելը: Ինչո՞ւ բարդ, պարոն վարչապետ։ Որովհետև այդ այն մարդիկ են, ովքեր նպաստում են իշխանության վերարտադրությանը»:
Պատգամավոր Թևան Պողոսյանը չթաքցրեց, որ Կարեն Կարապետյանի նշանակման առաջին օրերին հասարակության մի մասի նման ինքը նույնպես հույսեր էր կապում վարչապետի հետ, սակայն ներկայացված ծրագիրը վերացրեց սպասումները․ - «Միգուցե․․․ գաղջ պետական չինովնիկական համակարգը իր հաղթանակը տարավ ինչ-որ չափով վառ և հույս արթնացնող վարչապետի նկատմամբ»:
Կառավարության ծրագրի քննարկումը կշարունակվի վաղը: