Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր ավագանու ընդդիմադիր անդամների բացակայության պայմաններում երդվեց ազնվորեն ու բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները․ - «Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին: Երդվում եմ»:
Վանաձորի՝ արդեն նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքի խորհրդանշական բանալին հանձնեց իր հաջորդին՝ հայտարարելով․ - «Վանաձորցիները շատ արդարադատ են: Այն, ինչ եղավ, դա պետք է լիներ: Եվ ընտրությունների ժամանակ 15 հազար ձայնով հաղթած քաղաքապետը չէր կարող իր տեղը զիջել ավելի ցածր ձայներ հավաքած ինչ-որ մեկի»:
Երդման արարողությանը ավագանու անդամներից ներկա էին միայն Հանրապետական ու Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները: «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և «Բարգավաճ Հայաստանը», ինչպես և հայտարարել էին, բոյկոտեցին արարողությունը:
«Լուսավոր Հայաստան»-ից Քրիստ Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք ապօրինի են համարում միջոցառումը, քանի որ այն պետք է հաստատված լիներ քաղաքի նորընտիր ավագանու կողմից:
Իսկ ավագանին որևէ կանոնակարգ չի սահմանել․ - «Ըստ օրինակելի ձևի կանոնակարգի, սահմանվում է, որ ավագանու անդամները իրենց պարտականությունները ստանձնելու ժամանակ կարող են նաև երդվել, և երդման տեքստ գոյություն ունի, որը կարող էր կիրառվել հենց առաջին նիստի ժամանակ: Իսկ քանի որ նման բան տեղի չի ունեցել, հետևաբար ո՛չ ավագանում անդամները, ո՛չ քաղաքապետը օրենքով սահմանված որևէ նման միջոցառում անցկացնելու իրավասություն կամ լիազորություն չունեն»:
Ներկա էր նաև Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը (ՀՅԴ): Նա ասաց, թե Վանաձորում տեղի ունեցող հետընտրական «տատանումները» ժամանակավոր բնույթ են կրում․ - «Քաղաքական խնդիրները, որոնք այսօր կան Վանաձորում, ես կարծում եմ, դրանք խիստ ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ ցանկացած ավագանի, որը ժողովրդի քվե է ստացել իր կուսակցությունով, քաղաքական ուժով, քաղաքական ուժը ներկայացնելով, իր թիվ մեկ խնդիրն ունի ծառայելու այս քաղաքի բնակիչներին, ոչ թե կուսակցական կամ այլ երևույթների և խնդիրների»:
Հիշեցնենք, համաձայն «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև ստորագրված համաձայնագրի, ենթադրվում էր, որ Վանաձորի ավագանում 33 անդամներից 18-ը կքվեարկեն «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն վերջինս ստացավ ընդամենը 14 ձայն: