Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով, Վանաձորում տեղի ունեցած ավագանու քվեարկությունը, որի արդյունքում Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայներից բացի, ևս 4 ձայն ստացավ ընդդիմադիրներից, նոր Սահմանադրության վախճանն էր:
«Առաջին փորձը ցույց տվեց, որ այն բոլոր խոսակցությունները, բառերը, ելույթները, որտեղ հանրապետականները Ազգային ժողովում ներկայացնում էին, որ սրանից հետո այլևս մենք կտեսնենք, որ տեղի է ունենալու իշխանության հետ միասին կիսում, այլևս մեկ քաղաքական ուժից որևէ բան կախված չի լինի, քաղաքական մենաշնորհ չի լինելու, ապացուցվեց, որ այսօրվա դրությամբ նույն ինքը՝ Հանրապետականը չի հավատում իր իսկ ասած խոսքերին: Ոչ միայն չի հավատում, այլևս չի էլ պատրաստվում տեր լինել այդ խոսքերին», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ իշխող Հանրապետականը և վերջինիս գործընկեր ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ պնդում էին, որ պետք է անցել խորհրդարանական կառավարման մոդելի, որպեսզի Հայաստանում զարգանան կուսակցությունները, տեղի ունենան իրական քաղաքական գործընթացներ և պայքար։ Եվ շարունակեց․ - «Ոնց որ թե կար մի փոքրիկ նշույլ․․․ իրենք իրենց ասածներին փորձեն հետևեն, անեն, առաջին օրը ճանաչեն, ասեն՝ տեսեք, մենք չենք կարողացել միանգամից բացարձակ մեծամասնությունը վերցնել: Երբ որ հասկացավ, որ կարող են նաև պայմանավորվածություններ լինել [այնտեղ], որտեղ իրենք քաղաքկան իմաստով պարտություն են կրել, ապա այնտեղ գնաց ուժային մեխանիզմների»:
«Համախմբում» կուսակցության 3 պատգամավորներ՝ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը այսօր տարածած հայտարարությամբ ևս անդրադաձել են Վանաձորում ընդդիմադիր կուսակցությունների կնքած քաղաքական համաձայնության ձախողմանը՝ մասնավորապես գրելով, թե հանրապետության 3-րդ քաղաքում տեղի ունեցածի տրամաբանությունը հակասում է քաղաքական մշակույթի նորմերին և ոգուն․ - «Ակնհայտ է, որ տեղ է գտել ճնշում ավագանու որոշ ոչ ՀՀԿ-ական անդամների վրա, եղել է ստվերային գործարք։ Փաստ է, որ իշխանությունը գեղեցիկ ձևակերպումների տակ ընդամենը հետապնդում է սեփական վերարտադրության և ամեն ինչ մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնելու ծրագիրը»։
Իր հերթին «Լուսավոր Հայաստան»-ն այսօր հայտարարել է․ - «Վանաձորի օրինակով դեռ չծնված հօդս ցնդեցին նոր քաղաքական մշակույթի ձևավորման ու քաղաքական կյանքում կուսակցությունների դերի բարձրացման վերաբերյալ ակնկալիքները»։
Իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ բանավեճում արձագանքեց վերջինիս կուսակցության պնդումներին․ - «Այդ մեղադրանքները ես եմ երեկ շարադրել «Լուսավոր Հայաստանի» հասցեին, երբ որ տեսա, թե ինչպիսի ձևով են փորձում ընտրական գործընթացը խեղելով, կներեք բառիս համար՝ զոռբայություն անել․․․ Ցավոք սրտի, նոր քաղաքական մշակույթ հռչակած քաղաքական ուժը ոչնչով չի տարբերվում նախկինում անփառունակ վախճան ունեցած բազմաթիվ ընդդիմադիր ուժերից»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, Վանաձորում տեղի ուենցածից անակնկալի չի եկել. պատգամվորի խոսքով՝ իրենք նախազգուշացրել են, որ իշխանությունների Սահմանադրությունը չեն փոխում հանուն նոր քաղաքական մշակույթի. - «Ի սկզբանե մենք եղել ենք միակ կուսակցությունը, որը դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, որովհետև մենք երբեք չենք հավատացել, որ այդ փոփոխությունները արվում են ժողովրդավարացման նպատակով, արվում են այն նպատակով, որ կուսակցությունների դերը բարձրացվի, ընդդիմության դերը բարձրացվի, ինչպես փորձում էին խաբել ամբողջ բնակչությանը»:
Մինչ «Լուսավոր Հայաստանը» պնդում է, որ առաջիկայում կպարզի, թե որ կուսակցության շարքերից ավագանու որ անդամներն են խախտել իրենց կուսակցությունների ձեռք բերած համաձայնությունը, Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ Վանաձորի ավագանի անցած կուսակցությունների ղեկավարների համար քվեարկության այդպիսի արդյունքը անակնկալ չէր․ - «Կարծում եմ, որ կուսակցական կարգապահության խնդիր չի եղել, այսինքն՝ եթե ծախվել են, ծախվել են ամբողջ կուսակցությամբ: Բայց կոնկրետ այլ մեղադրանքներ չեմ ցանկանա ներկայացնել, որովհետև դրա համար պետք է լինեն կոնկրետ ապացույցներ»: