Մատչելիության հղումներ

Հալեպի հայկական թաղամասի հրթիռակոծությունն այսօր երկու հայ երիտասարդի կյանք է խլել


Հալեպի հրթիռակոծման հետևանքով այսօր Նոր գյուղ թաղամասում երկու հայ երիտասարդ է զոհվել՝ Մովսես Մովսեսյանը և Գասպար Շաթոյանը: Ինչպես հաղորդում է Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը, ևս 3-ը վիրավորվել են։

Պողիկյանի փոխանցմամբ՝ հրթիռակոծությունն իրականացրել են զինյալ ահաբեկչական խմբավորումները, զոհվածներից մեկը երեսուն, մյուս քսանինը տարեկան երիտասարդներ էին:

Վերջին շաբաթներին Հալեպում սաստկացած հրթիռակոծության հետևանքով տասնյակ սիրիացիներ են զոհվել․ անցյալ շաբաթ միայն հայկական համայնքը 6 զոհ է ունեցել, որոնցից մեկն անչափահաս։

Երևանում բնակվող սիրիահայերը արդեն տարիներ շարունակ Սիրիայից լավ լուր այդպես էլ չեն ստանում: Պատերազմի ավարտի մասին խոսք չկա, Հալեպի՝ երբեմնի հարուստ ու բազմանդամ հայկական համայնքում, տարբեր հաշվարկներով, մնացել է ընդամենը 8000 հայ:

Հալեպից տեղափոխված արծաթագործ Արման Չիրիշյանը 4 տարի առաջ Երևան է եկել կնոջ ու երեխայի հետ, դրանից հետո Սիրիայից տեղափոխվել են ընկերները, ընտանիքի մյուս անդամները:

«Բոլոր նրանք, ովքեր ունեցվածքից բացի արդեն հույսն էլ կորցրել են», - ասում է նա։ - «Բայց սահմանը հասավ, որ անիմաստ է այնտեղ մնալը»:

Հումանիտար օգնությամբ Հայաստանից այսօր երկրորդ օդանավը վայրէջք կատարեց Սիրիայում։ Հալեպ է ուղարկվել հագուստ և սնունդ, կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է նախագահի աշխատակազմը, փոխադրումն իրականցրել է ռուսական կողմը։

Սիրիահայերի խոսքով, Հալեպում թեև սով չէ, բայց օգնության և հատկապես ուշադրության կարիք համյանքն ունի։

Նրանք միևնույն ժամանակ նկատում են, որ հարյուրավոր հայեր կցանկանային Հալեպից հեռանալ, սակայն հնարավորություն չունեն․ - «Ով որ կուզե դուրս գալ, եթե հնարավորություն ունի կառավարությունը, հարյուր տոկոսով, անշուշտ, պետք է որ դուրս գան: Բայց կան մարդիկ, որ այդ կարողությունը չունեն, որ գան այստեղ ամիսով կամ տարիով տուն վարձեն և ապրեն»:

Գորգավաճառ Նազարեթ Արոյանը այլ մտահոգություն ունի. եթե անգամ Հայաստանը լուծի սիրահայերի Երևան տեղափոխվելու հարցը, միևնույն է, չի կարողանա նրանց ապահովել աշխատանքով․ - «Եթե գան, այստեղ ավելի դժբախտություն պիտի տեսնեն: Տները, որ վարձում ենք 250 դոլարով, 300 դոլարով: Եթե չեն աշխատում, փողը վերջանում է: Այդ պատճառով շատերը գնացին Կանադա»:

Ինքը՝ Արոյանը Երևան է եկել մեկ տարի առաջ, Հայաստանի կյանքին ու պայմաններին արդեն հարմարվել է, պատմում է, որ Սիրիայում գորգի մեծ խանութներ ուներ, իսկ հիմա Երևանի վերնիսաժում վաճառքի փոքրիկ կետ ունի։ Սրտի կսկիծով ցույց է տալիս Հալեպում իր ավերված խանութի, հայկական եկեղեցիների ու շենքերի փլատակները։ Վերադարձ Սիրիա չի պատկերացնում․ Նազարեթ Արոյանի կարծիքով, կյանքն այնտեղ այլևս նախկինը չի լինի։

XS
SM
MD
LG