Մատչելիության հղումներ

Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են


Սիրիա - Հալեպում մարտական գործողությունների պատճառած ավերածությունները, սեպտեմբեր, 2016թ․
Սիրիա - Հալեպում մարտական գործողությունների պատճառած ավերածությունները, սեպտեմբեր, 2016թ․

Անցած գիշեր Հալեպում հրթիռակոծությունները շարունակվել են, ընդգրկելով նաև հայաբնակ թաղամասերը, բայց գրանցված տասը զոհերի մեջ հայեր չկան, «Ազատությանը» տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը:

«Բոլոր բնակելի թաղամասերի վրա հրթիռներ ընկան, և ըստ տեղական աղբյուրների՝ տասը զոհեր կան: Հայերի շրջանում էին, բայց հայեր չեն, օրինակ՝ Սուլեյմանիեում մեկ զոհ կա, որ մի քրիստոնյա տղամարդ էր: Հիմա համարյա հանդարտ է», - ասաց Պողիկյանը:

Սիրիական պատերազմի կիզակետերից մեկը հանդիսացող Հալեպում վերջին օրերին հրթիռակոծությունները սաստկացել են։ Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ զոհերի թվում նաև վեց հայ կա, նրանցից մեկը՝ անչափահաս։ Տեղի «Գանձասար» թերթի թղթակցի փոխանցմամբ՝ երեկ հրթիռներն ընկել են հայաբնակ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերի վրա: Հրթիռ էր ընկել նաև Հինտոյան ընտանիքի խանութի առաջ, քույրն ու եղբայրը զոհվել են, մայրը՝ վիրավորվել։

«Զոհերն են Արման Հինտոյան և Միրեյ Հինտոյան, որ քույր-եղբայր են մեկ ընտանիքից, Ծիլա Ճապաղջուրյան և Հասմիկ Կիրակոսյան, ունենք վիրավորներ, որոնք ոչ ծանր վերքեր ստացան, ոմանք ծանր վերքեր ստացան, ոմանց ոտքը, ձեռքը կտրված է արդեն: Ահավոր վիճակ էր, սարսափելի վիճակ էր: Վիլլաներ թաղամասում ամբողջ գետինները արյունլվա, շրջանն ամբողջ փակված էր, ահավոր մարդկային ծանր վիճակ էր, և դպրոցների աշակերտությունը անմիջապես ներքնահարկեր իջեցրեցին, որովհետև անտանելի ձևով հրթիռակոծումներ են լինում, և տարբեր շրջանների վրա: Ո՛չ խնայում են աշակերտներին, ո՛չ դպրոցները, պատահական ձևով բնակչության վրա հրթիռներ են նետում, խաղաղ բնակչությունը պատանդ են բռնում և թիրախ են դարձնում», - պատմեց Զարմիկի Պողիկյանը՝ հավելելով․ - «Այսինքն, մենք արդեն վարժվեցինք այս ահաբեկչական իրենց բարբարոսական արարքներին»:

Երեկվա հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էին 11 հայեր, նրանցից երկուսն են շարունակում բուժում ստանալ։

Հալեպի տեղական թերթի թղթակցի խոսքով՝ երեկվա արյունալի դեպքերից հետո Հալեպի 8-10 հազար հայ բնակչության մի մասը հեռացել է ավելի ապահով շրջաններ․ - «Շատերը, օրինակ, մեկնեցին այլ՝ ավելի ապահով նահանգներ Սիրիայում, Լաթաքիա ճամփորդողներ եղան: Ընտանիքները, որ իրենց բնակարանները թեժ գոտիներում են, մտահոգ են»:

Սիրիայում ռազմական իրավիճակի սրման և Հալեպում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություն է արտահայտել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը», - նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Փոխանցվում է նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն։

Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ՝ սիրիական պատերազմում անցած չորս տարիների ընթացքում հայ խաղաղ բնակչության շրջանում ավելի քան 120 մարդ է մահացել, շուրջ 30 հայազգի զինվորական էլ մահացել է սիրիական բանակի կազմում կռվելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG