Բոսնիա և Հերցեգովինայում լարվածությունն աճում է, մինչ այդ դաշնային պետության մաս կազմող ինքնավար Սերբական Հանրապետությունում ընտրողները մասնակցում են հանրաքվեի, չնայած մայրաքաղաք Սարաևոյում գտնվող Սահմանադրական դատարանը արգելել է դրա անցկացումը։
Հանրաքվեի է դրված հունվարի 9-ին «Պետականության օրը» նշելու հարցը։ 1992 թվականի հունվարի 9-ին բոսնիացի սերբերը անկախություն էին հայտարարել Բոսնիայից, ինչին հետևել էր երեք տարի շարունակված պատերազմը։
Հանրաքվեի անցկացման ընդդիմախոսները պնդում են, որ այն ազգայնական կրքեր է բորբոքում և հրահրում է անջատական տրամադրությունները Բոսնիայի Սերբական Հանրապետությունում։