Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
«Նախաքննությամբ պարզվել է, որ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման բաժանմունքի ծառայող Դ. Ա.-ն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2016 թվականի ապրիլի 21-ին «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու համար Մովսես Մ.-ից ավտոմեքենա վարելու գործնական քննություն ընդունելու ընթացքում, 7 հազար 500 կիլոգրամից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով գործնական քննություն ընդունելու փոխարեն Մովսես Մ.-ից գործնական քննությունն ընդունել է «B» կարգի համար նախատեսված թեթև մարդատար ավտոմոբիլով, սակայն համոզվելով, որ Մովսես Մ.-ն չի տիրապետում ավտոմեքենա վարելու հմտություններին, ընդհատել է քննությունը», - ասված է հաղորդագրությունում։
ՀՔԾ-ն նշում է, որ «կարճ ժամանակ անց, ոստիկանության նույն ծառայողը Մովսես Մ.-ին առաջարկել է նստել ավտոմեքենան և մեկ անգամ ևս հանձնել գործնական քննությունը: Չնայած նրան, որ վերջինս ավտոմեքենան կրկին վարել է խախտումներով, ոստիկանության ծառայողը դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները և բացասական գնահատելու փոխարեն կազմված արձանագրությունը տվել է նույն բաժանմունքի մեկ այլ ծառայող Գ. Տ.-ին, ով Մովսես Մ.-ին վարորդական վկայական տրամադրելու շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, առանց որևէ հիմքերի գործնական քննությունը գնահատել է դրական: Արդյունքում՝ ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքներ չունեցող և ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Մովսես Մ.-ն նույն օրը ստացել է «B » և «C» կարգերի վարորդական վկայական»:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ճանապարհային ոստիկանության հիշյալ ծառայողներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին ):
Նախաքննությունը շարունակվում է: