Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյան․ ՀՀԿ-ական թեկնածուների պարտությունը «ոչ ճիշտ քաղաքականության արդյունք է»


«Ազատության» հետ զրույցում Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մոտ երեք տասնյակ համայնքներում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների պարտությունը պայմանավորեց կուսակցության «ոչ ճիշտ քաղաքականությամբ»:

«Ազատություն»․ - Ի՞նչով է պայմանավորված իշխող ուժի անհաջողությունը․ Հանրապետակա՞նն է թուլացել, թե՞ ժողովուրդն է հոգնել այդ կուսակցության երակարատև ղեկավարումից:

Հովհաննես Սահակյան․ - Մենք այդ երեք տասնյակ համայնքներում ուրեմն բազմաթիվ խնդիրներ պետք է վերանայենք, պետք է ռազմավարություն փոխենք, մարտավարություն փոխենք: Ձեզ եթե էդ բառն է հետաքրքիր՝ թուլացե՞լ է, թե՞ չի թուլացել․․․ Ախր էս ամբողջ գործընթացի մեջ ամենահեշտ և պրիմիտիվ բառն է․․․ Չի՛ թուլացել: Ոչ ճիշտ քաղականություն է վարել, ոչ ճիշտ, բառիս լավ իմաստով ներդրում է արել ինչ-որ անձանց վրա: Կամ չի ուզեցել իր գործող գյուղապետին նեղացնի․․․ Եվ եկել-կանգել ենք, ասենք, պարտության առաջ երեք տասնյակ համայնքներում: Էստեղ ինչ-որ տրագեդիա չի եղել․․․ Դա շատ ավելի լավ ա, որովհետև մենք պետք է նաև էդ առումով էդ համայնքներում վերանայենք մեր ծրագրերը: Մեր մոտեցումները, մեր քայլերի հաջորդականությունը միգուցե նաև փոխենք:

«Ազատություն»․ - Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս պատկերը ավելի խոշոր մասշտաբով ի հայտ գա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Հովհաննես Սահակյան․ - Ժողովուրդն է իր ընտրությունը կատարում: Որևէ մեկս չենք կարող ասել կպարտվե՞նք, թե՞ կհաղթենք: Եթե ժողովուրդը ձայն կտա այլ քաղաքական ուժի, ուրեմն մենք կպարտվենք: Դրա համար այդ երեսուն համանքներում մեր պարտությունը կարող է նաև հիմք հանդիսանալ, որպեսզի մի շարք համայնքներում 2017 թվականի համապետական ընտրությունների ժամանակ մեր մոտեցումները, մեր ռազմավարությունը փոխենք, որպեսզի նման պարտություն չկրենք:

«Ազատություն»․ - Դա համընդհանուր դժգոհությո՞ւնը չի իշխանություններից, այդ դժգոհության արտահայտումը չի՞ եղել:

Հովհաննես Սահակյան․ - Եթե Ձեր ասած համընդհանուր լիներ, ապա մյուս համանքներում էլ կլիներ: Միգուցե համայնքի, համայնքապետերի աշխատանքի մոտեցման խնդիր է: Օրինակ, մեր համար էդ երեսուն համայնքները շատ ավելի կարևոր են այլևս դարձել, քան մյուսները: Որովհետև մենք տեսնում ենք, որ էդտեղ խնդիր ունեն, և էդ երեսուն համայնքներից մենք պետք է ձայներ վերցնենք 2017 թվականին: Կարծում եմ, ցանկացած քաղաքական ուժի համար պետք է թիրախավորվեն այն համայնքները, որտեղ իրենք թույլ են, և ազդակ լինի հետագա ռազմավարությունը փոխելու»:

«Ազատություն»․ - Այն արատավոր երևույթները, որոնք տեղի են ունեցել վերջին 25 տարիների ընթացքում, կարծես թե կրկնվում են: Խոսքս, մասնավորապես, Էջմիածին քաղաքում հենց Ձեր կուսակցի՝ Կարեն Գրիգորյանի վիճահարույց հաղթանակն է: Երևի տեղյակ եք՝ ավագանու թեկնածուի առևանգում, արդեն կա քրեական գործ, քաղաքապետի թեկնածուի դաժան ծեծ, որը այս պահին գտնվում է հիվանդանոցում: Ինչո՞ւ չի փոխվում այս ամենը, ո՞վ է սրա մեղավորը:

Հովհաննես Սահակյան․ - Մենք ունեցանք երեք հարյուրից ավելի համայնքներում ընտրական գործընթացներ, և որևիցե աչք ծակող խախտումներ կարծես թե չարձանագրվեցին: Միակը, որ մամուլի ուշադությունը, նաև մեր բոլորի ուշադրությունը գրավեց, դա Էջմիածին քաղաքի ընտրություններն էր: Եվ վստահ եմ, որ իրավապահ մարմինները, որոնց ուշադրության կենտրոնում է այս դեպքը, միջադեպը կստանա իր արդարացի գնահատականը, և հրապարակային մենք կտեղեկացվենք, թե ինչ է տեղի ունեցել: Որովհետև նման դեպքերն են, որ ստվերում են մյուս գործընթացները: Ես այս պահի դրությամբ որևէ այլ տեղեկատվություն չունեմ, չեմ կարող գնահատական տալ, բայց ոչ միայն խստորեն դատապարտում եմ, այլ կարող եմ ասել, որ նման գործողություններ կատարողները, սադրողները, դրանք ընդհանուր, մեր էս ընտրական գործընթացի դեմ ուղղված քայլեր են և իրականացնում են դեմ քայլեր մեր բոլորիս պատկերացրած քայլերին: Մենք էս տարիների ընթացքում փորձել ենք բերել-հասնել մի իրավիճակի, որ ընտրական գործընթացները լինեն առավել թափանցիկ և ժողովրդավարական, ինչին միտված նաև մենք գնացինք ընդառաջ և համաձայնեցինք հրապարակել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրած վերջնական ցուցակները: Եվ նման դեպքերն են, որ կարող են ստվերել: Մենք պետք է բացառենք էդ բոլորը, իսկ բացառելու միակ և ուղիղ ճանապարհը [այն է], որ մեղավորները` բոլոր մեղավորներն անխտիր, պետք է կրեն իրենց պատասխանատվությունը:

«Ազատություն»․ - Արդյո՞ք Հանրապետականի ներկայացուցիչների ամենաթողության պատճառով չեն կրկնվում նման դեպքերը: Նույն Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ․․․ Բազմաթիվ հրապարակումներ եղան նաև այս գործի հետ կապված:

Հովհաննես Սահակյան․ - Կլինեն իսկապես մարդիկ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, որոնք կքաղաքականացնեն: Իսկապես, այսպես ասենք՝ հիմնք էլ կա: Բայց ես պետք է հորդորեմ բոլորին, այդ թվում նաև Ձեզ զերծ մնաք այս պահին քաղաքական որևէ գնահատականից: Ես նաև վստահ եմ, հուսով եմ, որ այս միջադեպի իրական մեղավորները ստանալու են իրենց արժանի պատասխանատվությունը և նաև հրապարակային դաշտում իրենց պատասխանատվության էս բոլոր պտուղները քաղելու են հետագայում: Եվ որպեսզի մենք բացառենք հետագայում էս դեպքերը և նման հարցադրումները, մենք պետք է գոնե էս միջադեպի հետ կապված տանք իրական․․․

«Ազատություն»․ - Անգամ եթե պարզվի, որ մեղավոր է Ձեր հաղթած թեկնածո՞ւն՝ Կարեն Գրիգորյա՞նը:

Հովհաննես Սահակյան․ - Դուք հարցադրումը կարող եք տարբեր ուղղություններով հնչեցնել․ ես չնշեցի՝ եթե հանրապետական չէ, ուրեմն թող պատասխանատվություն կրի: Ես նշեցի՝ իրական մեղավորները պետք է կրեն իրենց պատասխանատվությունը:

XS
SM
MD
LG