Մատչելիության հղումներ

Թայվանը բողոքարկել է Հայաստանի կողմից 78 թայվանցիների արտահանձնումը Չինաստանին


Թայվանը բողոքարկել է Հայաստանի կողմից 78 թայվանցիների արտահանձնումը Չինաստանին, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին տեղյակ է պահելու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

«Խախտվել է արդար դատաքննության իրավունքը․․․ Հայաստանի կառավարությունը մարդու իրավունքների, միջազգային իրավական սկզբունքների և նախադեպերի լուրջ խախտում է թույլ տվել», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թայվանի արտգործնախարարությունը:

Թայվանի իշխանությունների պնդմամբ, օգոստոսի 26-ին Հայաստանի ոստիկանությունը 78 թայվանցիների է ձերբակալել և բռնագրավել նրանց անձնագրերն ու նրանց մոտ եղած սարքավորումները` միևնույն ժամանակ թույլ չտալով նրանց կապվել իրենց փաստաբանների հետ: Այնուհետև, Չինաստանում քննվող խաբեբայության գործի կապակցությամբ, վերջիններս արտահանձնվել են Չինաստանին:

Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ որևէ տեղեկատվություն չունեն այս մասին:

Թայվանի՝ Մայրցամաքի հարցերով խորհուրդը, որը զբաղվում է Չինաստանի հետ հարաբերություններով, հայտարարել է, որ բողոքի նոտա է հղել նաև Պեկինին:

«Մենք բազմիցս են պահանջել, որպեսզի չինական կողմը զերծ մնա մեր քաղաքացիների արտաքսումից դեպի մայրցամաքային Չինաստան», - ասված է Խորհրդի տարածած հաղորդագրությունում:

Թայվանի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ են վարում Չինաստանի հետ՝ կասկածյալներին Թայվան վերադարձնելու հարցով:

Ապրիլին Քենյան խաբեբայության մեջ մեղադրվող տասնյակ թայվանցիների էր արտահանձնել Չինաստանին՝ չնայած Թայվանի բողոքին:

Թայփեյը բողոքի նոտաներ է հղել նաև Մալայզիայի և Կամբոջիայի նույնատիպ գործողությունների կապակցությամբ՝ Պեկինին մեղադրելով իր քաղաքացիներին «առևանգելու» մեջ:

Չինաստանը պնդում է, որ Թայվանը իր մասն է կազմում, թեև կողմերը առանձնացել են 1949 թվականի քաղաքացիական պատերազմից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG