Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ղարաբաղի ռազմական գերատեսչության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 29-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումներից մեկի և ենթակա զորամասերի հրամանատարների մասնակցությամբ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:
Քննարկվել են զորամասի մարտական պատրաստության, զինծառայողների մարտունակության կատարելագործման և մասնագիտական ունակությունների զարգացմանը, ինչպես նաև նոր ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերությունների ու բացթողումների վերացմանը վերաբերող հարցեր:
Մնացականյանը առաջիկա անելիքների վերաբերյալ պատասխանատու սպաներին տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ: