Պաշտոնական Վաշինգտոնը խստորեն դատապարտել է Վլադիվոստոկում Միացյալ Նահանգների հյուպատոսության նախկին աշխատակցի դեմ ռուսաստանյան դատարանի կայացրած վճիռը, որով երկարատև ազատազրկում է սահմանվել Ռոբերտ Շոնովի նկատմամբ:
Պետքարտուղարությունն իր հայտարարությունում անհիմն է որակել դատավճիռը և պնդել, որ Շոնովի դատապարտումն «աղաղակող անարդարություն է»:
Հայտարարությունն ընդգծում է, որ Շոնովի հետապնդումը «գաղտնի համագործակցության» մեղադրանքով Կրեմլի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ գնալով ավելի ռեպրեսիվ դարձող օրենքների կիրառման դրսևորում է:
Ռուսաստանի Հեռավոր Արևելքի տարածաշրջանային դատարանը երեկ 4 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտել Ռոբերտ Շոնովին և նրա նկատմամբ 1 միլիոն ռուբլի (շուրջ 10 հազար դոլար) տուգանք սահմանել՝ «այլ պետության հետ գաղտնի համագործակցության» մեղադրանքով: