Մատչելիության հղումներ

Եվս երկու ոստիկան «տեսել են, թե ինչպես է Սաֆարյանը հարվածել իրենց հրամանատարին»


Ավելի քան կես տարի ազատությունից զրկված Գևորգ Սաֆարյանի այսօրվա դատավարությանը վկայություն տվող ևս երկու ոստիկան հայտարարեցին, թե Ամանորի գիշերը ընդդիմադիր ակտիվիստը հարվածել է իրենց վերադասին՝ «Հրեշտակների գումարտակի» հրամանատար Գեղամ Խաչատրյանին։

Վկաներից առաջինը պնդեց, որ ոստիկանները քաղաքացիների հետ միտումնավոր բախման չեն գնացել, Ազատության հրապարակում միջադեպը սկսվել է Գևորգ Սաֆարյանի հարվածի պատճառով։ Նա հավելեց, թե «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման ակտիվիստի հարվածն այնքան ուժգին է եղել, որ անգամ բուժօգնություն է ցույց տվել իր հրամանատարին, սակայն թե ինչպես, երբ կամ որտեղ, մտաբերել չկարողացավ։

Պաշտպանական կողմը ոստիկանի նախաքննական ու դատավարական ցուցմունքներում մի շարք հակասություններ արձանագրեց։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանի ու Գևորգ Սաֆարյանի ավելի քան երեք տասնյակ հարցերին վկայություն տվող իրավապահը պատասխանեց նույն նախադասությամբ՝ չեմ հիշում։

Գևորգ Սաֆարյանը, կասկածի տակ դնելով ոստիկանների ցուցմունքների արժանահավատությունը, իր ելույթում հայտարարեց, իրավապահների այս վարքագիծը դատարանին պետք է հուշի, որ քրեական գործը շինծու է․ - «Հիսուն անգամ երևի տվյալ վկան ասեց, որ ինքը չի հիշում: Ակնհայտ է, որ վկաներին նախապես ասել են՝ կգնաք դատարան, կասեք, որ դուք տեսաք Գևորգ Սաֆարյանի հարվածը, դրանից հետո ինչ հարց տան, կասեք՝ չեմ հիշում»:

Մոտ երկու ամիս շարունակվող դատավարության ընթացքում ընդդիմադիր ակտիվիստի դեմ տուժող Գեղամ Խաչատրյանից բացի վկայություն են տվել ևս 5 ոստիկան։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանից պահանջեց ապացույց չհամարել իրավապահների ցուցմունքները՝ հայտարարելով, թե այս ողջ պատմության մեջ ոստիկանների ցուցմունքները համընկնում են միայն մեկ դրվագում՝ որ Գևորգ Սաֆարյանը հարվածել է Գեղամ Խաչատրյանին․- «Բացի դրանից, եթե ճշմարտացի ցուցմունք տան, կստացվի, որ այդ ճշմարտացի ցուցմունքի արդյունքում իրենք են ենթարկվում քրեական պատասխանատվության»:

Նիստը նախագահող դատավորը հայտարարեց, որ փաստաբանի միջնորդությանը կանդրադառնա ապացույցների հետազոտման փուլի ավարտից հետո միայն։

Ընդդիմադիր ակտիվիստի գործի քննությունը կշարունակվի առաջիկա ուրբաթ օրը, դատարանում կրկին վկայի կարգավիճակով ցուցմունք կտան Գեղամ Խաչատրյանի գլխավորած գումարտակի նոր ոստիկաններ։

XS
SM
MD
LG