Մատչելիության հղումներ

Կարկտից տուժած գյուղացիները համարժեք փոխհատուցում են պահանջում


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զրուցում է կարկտից տուժած գյուղերի բնակիչների հետ: 11-ը հուլիսի, 2016 թ․
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զրուցում է կարկտից տուժած գյուղերի բնակիչների հետ: 11-ը հուլիսի, 2016 թ․

Քամին ու կարկուտը երեկ զգալի վնաս են հասցրել Արագածոտնի ու Արմավիրի երկու տասնյակ գյուղերի։ Ամբողջ տարվա աշխատանքը, Ոսկեվազի բնակիչների խոսքով, մեկ օրում հողին հավասարվեց:

«Ստեղից ես կես տոննա խաղաղ էի հավաքելու, բայց հիմա մի հիսուն կիլո կհավաքեմ․․․Չհաշված, որ վերևը այգի կա, դեղձի ծառեր կա», - ասաց նրանցից մեկը:

«Մեր ամբողջ տարվա ապրուստը կորավ, ու տունն էլ չորս հատ անչափահաս էրեխեք», - տխուր հավելեց նրա համագյուղացի մի կին:

Ուժող քամին ոչ միայն ծառերը, այլև էլեկտրասյուներն է գետնին տապալել, ինչի հետևաքնով գյուղերից մի քանիսը հոսանքազրկվել են։

Արմավիրում ևս գրեթե նույն պատկերն է. հուսահատ գյուղացիները հավաքվել ու փորձում էին գնահատել կրած վնասը։

«Սիբիրում ապրել եմ 7 տարի, ես տենց բաներ չեմ տեսել», - ասաց մի երիտասարդ արմավիրցի:

Գյուղացիների խոսքով, հակակարկտային կայաններ թեև տեղադրված են, սակայն միշտ չէ, որ գործում են։ Ոսկեվազցի Գոհար Խաչատրյանի համոզմամբ, եթե կայաններն աշխատեին, վնասն այսքան մեծ չէր լինի․ - «Եթե աշխատեր, գոնե որոշակի չափով կպահպանվեր: Ոչ մի անգամ երևի չաշխատեց»:

Այսօր Արագածոտն ու Արմավիր նաև Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է այցելել ու նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը:

Գյուղացիները, սակայն, թերահավատ են: Ասում են, որ նախորդ տարիներին էլ կարկտահարված բերքի դիմաց փոխհատուցում չեն ստացել։

Նրանք պահանջում են, որպեսզի փոխհատուցումը վնասին համարժեք լինի, իսկ վարկերը որոշ ժամանակով սառեցվեն․ - «Հիմա մեր կառավարությունը գոնե 50 տոկոսով օգտակար լինի մեր ժողովրդին․․․ Ուղղակի թող ժամանակավոր մի քանի ամսով դադարացնեն, որպեսզի ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել․․․ Ոտքի հնարավոր չի կանգնել․․․ Գոնե ինչ-որ տեղ պրպտելով, ինչ-որ բան անելով, կկարողանա․․․ Բայց հենց հիմա, ասենք, վաղվա վարկը, մյուս օրվա վարկը չի կարողանալու փակի ժողովուրդը»:

«Ոչինչ չի մնացել: Ես ի՞նչ ծախեմ, որ իմ ընտանիքին պահեմ», - սրտնեղեց գյուղացիներից մեկը:

XS
SM
MD
LG