Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են «ազատ արձակել քաղբանտարկյալներին»


«Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ Ազատության հրապարակից երթով հասան Բաղրամյան 26՝ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջելով ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին։

Երթի մասնակիցների համոզմամբ, Սեֆիլյանին առաջադրված ապօրինի զենք պահելու մեղադրանքը շինծու է, իսկ կալանավորման պատճառը ապրիլյան քառօրյա պատերազմում կորսված տարածքների փաստը հրապարակելն է։

«Վտանգված է ամենամեծը՝ մայր Հայաստանը․․․ Ազա'տ արձակեք բոլոր քաղբանտարկյալներին, հայրենիքի արժանի զավակներին, բոլոր նվիրյալներին: Ժիրայր Սեֆիլյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը և Հայկ Գևորգյանը հայրենիքի նվիրյալ են», - հայտարարում էին ցուցարարները:

Մեջբերելով մայիսին Վիեննայի բանակցություններից վերադառնալիս Սերժ Սարգսյանի՝ օդանավում արած հայտարարությունները, թե կորսված 800 հեկտարը ռազմավարական նշանակություն չունի, իսկ ցանկացողները կարող են գնալ և հետ վերադարձնել այդ տարածքները՝ Հիմնադիր խորհրդարանի համակիրները պնդում էին, որ ղարաբաղյան կարգավորման հարցում հայաստանյան իշխանությունները տարածքային զիջումների են պատրաստվում, ու այդ ծրագիրն իրականացնելու համար է, որ մեկուսացնում են ընդդիմախոսներին․ - «Ապրիլին առնվազն հարյուր 18-20 տարեկան հայ երիտասարդներ իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար․․․ Ոմանք, համարելով դրանք անպետք տարածքներ, պատրաստ են նվիրաբերել»:

Չնայած Քննչական կոմիտեի հայտարարությանը, թե Ժիրայր Սեֆիլյանը ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով զավթել շինություններ, կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, անցյալ ամիս ազատամարտիկին մեղադրանք առաջադրվեց միայն մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենքի շրջանառություն կազմակերպելու համար և նախնական երկամսյա կալանք նշանակվեց։

Քննչական մարմնի այս որոշումն այսօր Սեֆիլյանի փաստաբաններին այսօր չհաջողվեց բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

Ավելի քան մեկ ժամ սպասելուց հետո, Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը հեռանալուց առաջ լրագրողներին ասաց․ - «Գոնե պետք է մարդկային վերաբերմունք լինի․ դուրս գան, որևիցե տեղեկություն հայտնեն․․․ Ես մեկ ժամից ավել ա, սպասում եմ, որևիցե ինֆորմացիա ինձ որևիցե մեկը չի հայտնել․․․ Նման վերաբերմունքը ինձ համար անընդունելի ա»:

XS
SM
MD
LG