Մատչելիության հղումներ

Փաստաբանը հիմնավորված չի համարում Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը


Փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Քննչական մարմնի հայտարարությունից հետո, թե Ժիրայր Սեֆիլյանը ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով զավթել շինություններ, կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, այդուհանդերձ երեկ նրան մեղադրանք առաջադրվեց միայն մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենքի շրջանառություն կազմակերպելու համար:

Երկու ամսով կալանավորված ազատամարտիկի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը վստահ է, որ միայն այս մեղադրանքն է առաջադրվել, քանի որ որևէ ապացույց շենքեր գրավելու մտադրության, կամ հանցավոր համագործակցության ձևավորման մասին չկա․ - «Ապացույցների իսպառ բացակայության պայմաններում այս մեղադրանքն է առաջադրվել»:

Հայրապետյանը պնդեց, որ հիմնավորված չէ նաև երեկ առաջադրված՝ զենք և ռազմամթերք փոխադրելը կազմակերպելու մեղադրանքը, քանի որ պարզ չէ, թե ինչ կապ ունի Սեֆիլյանը իրավապահների խոսքով՝ մեկ ամիս առաջ ավտովթարի արդյունքում հայտնաբերված երկու ԱԿ-74 ինքնաձիգների հետ․ - «Զենք կարող է հայտնաբերվի, բայց ի՞նչ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանը այդ զենքի հետ: Պատճառական կապը պետք է բացահայտվի, որ չի բացահայտվում: Եվ շատ աղոտ, պատրանքային, մշուշոտ․․․ անգամ այն հարցերը, որ մենք ցանկանում էինք ուղղել, վարույթն իրականացնող քննիչը չթույլատրեց հարց ուղղել: Այսինքն, ասվեց ոչ-կոնկրետ, լղոզված ինչ-որ բաներ, և պաշտպանական կողմին չհաջողվեց անգամ հարցեր ուղղել՝ հստակեցնելու համար, թե ինչ զենքի մասին է խոսքը, ինչ հանձնարարության մասին է խոսքը»:

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը պատասխանեցին, թե որևէ հակասություն իրենց հայտարարությունների և Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքի միջև չկա․ իրենք միայն նշել են, որ զենքերի շրջանառության նպատակն է եղել շինությունների և հաղորդակցության միջոցներ գրավումը:

Հանրային հեռուստաընկերությունից «Ազատության» հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ վերջին մի քանի ամիսներին ոստիկանությունը տարածքում ուժեղացված հսկողություն է իրականացնում, սակայն չմանրամասնեցին, թե դա ինչով է պայմանավորված:

«Ազատության» հետ զրույցում վերջին տասը տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ կալանավորվող ազատամարտիկի կինը՝ Նանոր Սեֆիլյանը ասաց, որ բռնությունն ու զինված գործողությունները երբեք իր ամուսնու մեթոդները չեն եղել․ - «Ժիրայրը երբեք բռնի, ուժով, զենքով․․․ հեղափոխության մասին երբեք չի ասել: Ինքը էդ գործի մարդը չէ: Ինքը միշտ ասել է՝ պետք է ժողովրդին մոբիլիզացնենք, պետք է ժողովրդին այն մակարդակին հասցնենք, որ ժողովուրդը ինքը ընդվզի»:

Սեֆիլյանի կալանավորումը այսօր տարածած հայտարարությամբ դատապարտել են հայաստանյան ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ՝ ազատազրկումը համարելով քաղաքական հետապնդում:

XS
SM
MD
LG