ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը մոտ ժամանակներս կազմակերպելու իրենց հանձնառությունը, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նա նշել է, որ նախագահների հանդիպման օրը դեռ հստակեցված չէ։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն Փարիզում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր բանակցությունների համար:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, արձագանքելով այս հայտարարությանը, ասել էր. - «Ֆրանսիական կողմն առաջարկել է նման հանդիպում կազմակերպել, իսկ մենք դեմ չենք»։
Իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: «Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը», - ասել էր Քոչարյանը։