Ընտրական օրենսգրքում առանցքային մի շարք փոփոխությունների նախագիծն արդեն առաջիկա երկուշաբթի կհայտնվի ԱԺ-ի արտահերթ նիստի օրակարգում, սակայն, իրականացվելիք նորամուծությունների համար անհրաժեշտ 16 միլոն դոլարի հարցը դեռ մնում է չլուծված։
Ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց վրա են բարդում գումարը հայթայթելու պարտականությունը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ միջազգային դոնոր կազմակերպությունները պատրաստ են վճարել 11 միլիոնը, իսկ մնացած 5 միլիոնը տրամադրելը իշխանության պատվի հարցն է։ «Ամոթ է, դա իսկապես նշանակում է Հայաստան պետության հեղինակության հետ խաղալ, ամոթ է, որ այդ չնչին պակասող գումարը իշխանությունը թեկուզ իր պետական բյուջեից չլրացնի»,- ասում է Զուրաբյանը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն, կուսակցություններին հասանելի կլինեն բոլոր 2 հազար տեղամասերում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները, քվեարկությունը կթույլատրվի միայն նույնականացման քարտերով, տեղամասերում կտեղադրվեն տասը մատնահետքերը ստուգող սարքեր, ընտրական ամբողջ գործընթացը բոլոր տեղամասերից ուղիղ կհեռարձակվի։
Համաձայնագրի տակ իր ստորագրությունը դրած ընդդիմադիր Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ իշխանությունը որևէ ջանք չի գործադրում գումարի որոնման ուղղությամբ, ավելին՝ նպատակ է դրել ամեն գնով տապալել փոփոխությունները՝ «Պետք է փորձենք միջազգային դոնորներից ստանալ այդ գումարները, բայց դրա համար պետք է իշխանությունները պաշտոնապես դիմեն, պետք է ակտիվ աշխատանք, որը, սակայն, չկա»:
Իշխող Հանրապետականը, մինչդեռ, գումարի հայթայթումը միայն իր խնդիրը չի համարում։ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ խորհրդարանական ուժերի միջև անցյալ շաբաթ ստորագրված համաձայնագրի տեքստում հստակ գրված է՝ այդ գործառույթը նաև ընդդիմությանն է։ «Էստեղ ընդդիմությունն իշխանության վրա է գցում, իշխանությունը՝ ընդդիմության: Չեմ կարծում կոռեկտ է, որովհետև մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչ ֆինանսավորում է պետք, և գիտակցելով է, որ ստորագրել ենք, և այդ ստորագրությամբ երկու կողմերը պարտավորվել են հայթայթել անհրաժեշտ գումարը»,- ասում է Հովհաննես Սահակյանը:
Նա չի բացառում, բայց, միևնույն ժամանակ, քիչ հավանական է համարում, որ պակասող գումարը կլրացվի պետական բյուջեից։ 4+4+4 ձևաչափում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորն անհիմն է համարում ընդդիմության պնդումները, թե իշխանություններն ամեն գնով փորձում են տապալել համաձայնագրի իրականացումը՝ «Էս բոլոր շահարկումները քաղաքական են, էս ամեն ինչի նպատակը քաղաքական դիմագիծը պահելու կամ քաղաքական ինչ-որ աժիոտաժ ստեղծելու հայտարարություններ անելն է»:
Եթե խորհրդարանը հաստատի փոփոխությունները, դրանք օրենքի ուժ կստանան միայն անհրաժեշտ գումարի առկայության պարագայում: Վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։ Երեկ կառավարությունում հավանության արժանացած փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ֆինանսավորման դժվարության մասին խոսել էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Բայց մինչև սեպտեմբերի 1-ը ողջամի՞տ ժամկետ է․․․ արձակուրդներ են: Ես հասկանում եմ, որ միջազգային կառույցները պիտի նաև ֆինանսավորման խնդիր լուծեն․․․ Չգիտեմ, կկարողանա՞նք այս հարցին լուծում տալ մինչև սեպտեմբերի 1-ը»,- տարակուսել էր նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ ընտրական գործընթացում նախատեսվող նորամուծությունների ֆինանսավորման հարցում խոստացել է մեծ աջակցություն ցուցաբերել Եվրամիությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել ԸՕ-ի մասին՝ նշելով, որ այդ հարցին կանդրադառնա հաջորդ շաբաթ։