Մատչելիության հղումներ

Վաղը կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

«Ռուս-թուրքական նոր հաշտեցումը նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում», - ընդգծում է ռուսաստանցի և իսրայելցի փորձագետ Ավիգդոր Էսկինը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ վաղը ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մաշկովն էլ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել է, որ Թուրքիայի նախագահի նամակը Ռուսաստանի նախագահին «քայլ էր ճիշտ ուղղությամբ»:

Հայտնի է նաև, որ արդեն հուլիսի 1-ին Սոչիում Սևծովյան համագործակցության հավաքի շրջանակում կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հանդիպումը:

Նախօրեին, հիշեցնենք, Կրեմլը հաղորդեց Թուրքիայի նախագահի նամակի մասին՝ ուղղված ռուսաստանցի պաշտոնակցին, որում Ռեջեփ Էրդողանը ներողություն էր խնդրում անցած տարվա նոյեմբերին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման համար: Նամակի մասին հաղորդագրության՝ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակումից հետո մի քանի ժամ խառնաշփոթ էր առաջացել, քանի որ դրա մասին խոսում էին միայն ռուսական աղբյուրները: Սակայն արդեն երեկոյան Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հաստատեց, որ առանցքային «ներողություն» բառը Թուրքիայի նախագահն իր նամակում, այդուամենայնիվ, կիրառել է:

Էրդողանը ստիպված է գնացել հաշտեցման, - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ռուսաստանցի և իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ Թուրքիայի իշխանությունների ձեռնարկած քայլերը․ - «Էրդողանը սեփական անմիտ քաղաքականության պատճառով հայտնվել էր բարդ իրավիճակում․ կորցրեց դաշնակիցներին, գործընկերներին: Թուրքիայի ներսում էլ իրավիճակն այսօր անբարենպաստ է»:

Նա նշեց, որ կես տարի տևած ռուս - թուրքական այս հակամարտության ժամանակ Պուտինը կոշտ հայտարարություններ էր անում Էրդողանի հասցեին, Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: Մյուս կողմից՝ «Գազպրոմ»-ը նույն չափով համագործակցում էր թուրքական կողմի հետ, և ռուս - թուրքական հարաբերությունների օրակարգից դուրս չէր եկել նաև ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցը:

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը հրաժարվել էր կտրուկ քայլերից միջազգային ասպարեզում, որոնք կարող էին լուրջ վնաս հասցնել Թուրքիային: Էսկինը, սակայն, նշում է, թե «ռազմավարական համագործակցություն չի լինի»․ - «Հնարավոր չէ խոսել Թուրքիայի այսօրվա ղեկավարության հանդեպ վստահության մասին»:

Ռուս - թուրքական այս նոր հաշտեցումը նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում:

Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջերս ակտիվացած գործընթացներում Թուրքիայի դերակատարությանը, Ավիգդոր Էսկինի կարծիքով՝ Անկարան ակտիվ քաղաքականություն ղարաբաղյան հակամարտության հարցում չի վարում, և Ղարաբաղը Անկարայի համար այսօր կարևոր թեմա չէ․ - «Ղարաբաղյան գործընթացում Թուրքիայի ներգրավվածության մասին տեղեկություն չունեմ: Այսօր Թուրքիան զբաղված է բոլորովին այլ հարցերով: Չունեմ տեղեկություն և չեմ կարող ասել, որ Թուրքիան այսօր ակտիվորեն օգնում է Ադրբեջանին վերադարձնել տարածքները»:

Այս առնչությամբ հայաստանցի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից մենք կարող ենք տեսականորեն միայն երկու տարբերակ դիտարկել: Առաջինը, եթե Ռուսաստանը ցանկանա Թուրքիայի հետ մերձեցումը ձևավորել ինչ-որ սիմվոլիկ, պրակտիկ նշանակության ֆորմատում, այն է, ինչ որ ցույց տան, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով, և դա ցույց տան, ասենք, նաև իրականության մեջ: Բայց կարծում եմ, ավելի հավանական կլինի այն, որ, քանի որ Թուրքիան ստիպված էր և՛ ներողություն խնդրել, և՛ այլ՝ բավականին ցավոտ քայլի գնալ՝ ելնելով շատ դժվար և՛ սոցիալ-տնտեսական ներքին, և՛ արտաքին քաղաքականության համատեքստում, և դա շատ ցավալի է անձնական Էրդողանի համար, կարծում եմ, Թուրքիան շատ կկարևորի Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալիզացման հետագա ընթացքը և ընդհանրապես կխուսափի ինչ-որ մի քայլերի գնալ Կովկասյան տարածաշրջանում, որտեղ որ գոնե նույնիսկ ձևականորեն կարող է խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG