«Արգենտինայում, երբ խոսում էին հայերի բնաջնջման մասին, մշտապես օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, ես որևէ այլ բառ չգիտեի», - Հայաստան կատարած այցից հետո, օդանավում տված ասուլիսում, հայտարարել է Հռոմի Պապը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշեց ելույթի տեքստից շեղվել և գործածել «ցեղասպանություն» բառը
Ֆրանցիսկոս Պապը մանրամասնել է, թե երբ տեղափոխվել է Հռոմ, այնտեղ այլ ձևակերպումներ է լսել, օրինակ՝ «մեծ չարիք» կամ «սարսափելի ողբերգություն» և «ևս մեկ հայերեն տերմին, որը ես չգիտեմ՝ ինչպես ասել»: «Ինձ ասել են, թե «ցեղասպանություն» բառն օգտագործելը վիրավորական է, որ ես պետք է այլ բառ կիրառեմ: Ես խոսել եմ անցած դարի երեք ցեղասպանությունների մասին, մշտապես երեք՝ Հայոց ցեղասպանության, ապա՝ Հիտլերի, և վերջինը՝ Ստալինի կողմից իրականացված», - ասել է Ֆրանցիսկոս Պապը՝ շարունակելով. - «Այո՛, իմ ելույթի մեջ չկար «գենոցիդ» բառը, սակայն Հայաստանի նախագահի ելույթը լսելուց հետո որոշեցի օգտագործել այն: Նաև ճիշտ չէր լինի անցյալ տարի Սուրբ Պետրոսի տաճարում մի բան ասել և Հայաստանում այլ բան: Ես այն ժամանակ նաև ուզում էի շեշտել, որ մեծ տերությունները անտեսել են ցեղասպանությունները», - ասել է Հռոմի Պապը։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ընդգծել է, որ հայերին արդարություն և խաղաղություն է ցանկանում, ապա անկեղծացել` ասելով, թե շատ է ուրախացել, երբ անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
«Մտածեցի՝ գոնե խոսում են․․․ նաև Թուրքիայի հետ, և Հայաստանի նախագահը քաջություն էր ունեցել ասելու՝ «եկեք համաձայնության գանք, ներենք մեկմեկու և նայենք ապագային»: Սա մեծ քաջություն է մի ժողովրդի կողմից, որը շատ է տառապել, այնպես չէ՞», - հարցնում է Պապը, ապա անդրադառնում ղարաբաղյան հակամարտությանը։
Նա նշում է, որ առաջիկայում Ադրբեջանում խոսելու է ճշմարտության մասին։ «Ես հանդիպել եմ Ադրբեջանի նախագահին և խոսել նրա հետ: Ձեզ կասեմ, որ մի փոքր հողակտորի համար խաղաղություն չհաստատելը մի մութ բան է նշանակում, այնպես չէ՞: Ես սա ասում եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին: Հավանաբար, նրանք չեն կարող խաղաղության ուղիների շուրջ համաձայնության հասնել, և պետք է աշխատեն այս ուղղությամբ: Չգիտեմ էլ ինչ ասեմ․․․ ես այնտեղ կասեմ այն, ինչ այդ պահին սիրտս կհուշի, սակայն միշտ դրական՝ փորձելով լուծումներ գտնել, որոնք կենսունակ կլինեն», - Հայաստան կատարած եռօրյա այցից հետո օդանավում տված ասուլիսում ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
Նշենք, որ Հռոմի Պապը 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն էր որակել դեռևս 2015-ին՝ Վատիկանում տեղի ունեցած էկումենիկ արարողության ժամանակ։
Ցեղասպանություն բառը Հռոմի Պապը երկրորդ անգամ օգտագործեց Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում, երբ, շեղվելով նախապես գրված ելույթի տեքստից, նախագահի նստավայրում հայտարարեց. - «Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»:
Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր արդեն խստորեն քննադատել է Հռոմի Պապին՝ ընդգծելով, թե թուրք ժողովուրդը կրկին հիասթափություն ապրեց։
«Այսպես կոչված ցեղասպանության հուշահամալիր այցով, 1915 թվականի վերաբերյալ հայտարարությամբ, այդ դեպքերի առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ստորագրած հուշագրում անընդունելի ձևակերպումներով և վերադարձի ճանապարհին ստի և զրպարտանքի վրա հիմնված արտահայտություններով Հռոմի Պապը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ 1915 թվականի դեպքերի հարցում նա անվերապահորեն պաշտպանում է հայկական տեսակետը, որը ոչ մի աղերս չունի պատմական ճշմարտության և իրավունքի հետ: Թուրքիան և թուրք ժողովուրդը կրկին հիասթափություն ապրեցին Պապի հայտարարության պատճառով», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունում։