Այսօր Էջմիածնում ստորագրած համատեղ հռչակագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն անընդունելի համարեցին կրոնական արժեքների արմատական դրսևորումները՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար:
«Ավելին, կրոնական տարբերությունների հանդեպ հարգանքն անհրաժեշտ պայման է էթնիկ ու կրոնական տարբեր համայնքների խաղաղ համակեցության համար: Եվ հենց քրիստոնյա լինելով է, որ մենք կոչված ենք խաղաղության ու հաշտության ուղիներ փնտրելու և իրագործելու: Այս իմաստով մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Պապը նաև վերահաստատեցին Հայոց ցեղասպանության ընդունումը:
«Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ, 2015 թվականի ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր հանձնառությունն արտահայտեցինք հակադարձելու բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև Ի դարի առաջին ցեղասպանություն»:
Հոգևոր առաջնորդներն ընդգծեցին Հայոց եկեղեցու և Կաթոլիկ եկեղեցու միջև կապերն ամրապնդելու պատրաստակամությունը:
«Մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ չնայած քրիստոնյաների միջև առկա բաժանումներին, այն, ինչ մեզ միավորում է, ավելին է, քան այն, ինչ մեզ բաժանում է, որի վրա էլ պետք է կառուցել Քրիստոսի եկեղեցու միությունը, ըստ Տիրոջ խոսքի, որ բոլորը մեկ լինեն»:
«Մենք այսօր համոզված ենք այս հարաբերությունների շարունակականության խիստ կարևորության մեջ՝ երկուստեք առավել խորը և վճռական հանձնառությամբ ոչ միայն աստվածաբանական մարզում, այլև աղոթական և գործնական համագործակցությամբ տեղական համայնքներում՝ լիարժեք հաղորդակցություն և միության հստակ արտահայտություններ կիսելու տեսլականով», - նշվում է համատեղ հռչակագրում:
Գարեգին Բ-ի և Ֆրանցիսկոս Պապի ստորագրած փաստաթղթում խոսվում է նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող «անթիվ անհամար անմեղ մարդկանց սպանությունների, էթնիկ, տնտեսական, քաղաքական և կրոնական հիմքերի վրա զարգացող շարունակական բնույթի հակամարտություններով թելադրված տեղահանումների կամ պարտադրված ցավալի ու անորոշ աքսորների» մասին:
«Մենք ընդունում ենք այն, ինչն արդեն իսկ արվում է, բայց պնդում ենք, որ ավելին պետք է արվի քաղաքական առաջնորդների և միջազգային կառույցների կողմից, որպեսզի ապահովված լինի բոլորի՝ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը, պաշտպանված լինի օրենքի գերակայությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, կանխված լինեն մարդկային թրաֆիքինգը և մաքսանենգությունը»: