Գերմանիան խոստանում է աջակցել Վրաստանին վիզայի ազատականացման հարցում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլին ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Գերմանիան դեմ չի հանդես գալու Եվրահանձնաժողովի որոշմանը։ Մենք նույնիսկ կողմ ենք, որ խորհրդակցությունները Եվրամիությունում տեղի ունենան հնարավորինս շուտ», - մասնավորապես ասել է Մերկելը։
Վրաստանի վարչապետը Բեռլինում է Եվրամիության՝ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի անցնելու հարցը քննարկելու նպատակով, որի իրագործումը մտել է փակուղի։
Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին սկզբունքային որոշումը, հիշեցնենք, Եվրահանձնաժողովը կայացրել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին։ Դրան հաջորդել է Եվրամիության ղեկավարների պաշտոնական առաջարկը՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին։
Հարցի շուրջ ամիսներ շարունակ ընթացող քննարկումներին զուգահեռ, պաշտոնական Թբիլիսին գրեթե վստահ էր, որ արդեն այս ամռանից սկսած Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան 90 օրով առանց մուտքի վիզայի Շենգենյան գոտի անարգել մուտք գործել։
Մինչդեռ վերջին շաբաթներին որոշումը մի քանի անգամ հետաձգվեց։ Մամուլը գրեց, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը դեմ են Ֆրանսիան և Գերմանիան։ Գերմանիան իր վերապահումները պայմանավորում է Գերմանիայի տարածքում մեծ ազդեցություն ունեցող վրացական հանցավոր խմբավորումների գործունեությամբ։
Նախօրեին Բեռլինում տեղի ունեցած վրաց-գերմանական բանակցությունների արդյունքները, ինչպես նկատում են վերլուծաբանները, հայտնի կդառնան առաջիկայում, երբ Եվրամիության անդամ երկրները կրկին հավաքվեն՝ Վրաստանի վիզայի հարցը քննարկելու։
Մերկելը թեև խոստանում է աջակցել Վրաստանին, սակայն ժամկետներ չի հստակեցնում, միայն նշում է, որ Վրաստանի և Ուկրաինայի վիզայի հարցը կքննարկվի միաժամանակ։
Անդրադառնալով Վրաստանի արտաքին քաղաքական ուղուն, Գերմանիայի կանցլերը շեշտել է՝ Վրաստանը մեծ հաջողությունների է հասել, սակայն Եվրոպական միության անդամ դառնալու թեկնածու չէ: «Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը օրակարգում չէ», - ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին: