Մատչելիության հղումներ

Վրացական հանցաշխարհը` ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման գլխավոր խոչընդոտ


Թբիլիսի, 18-ը դեկտեմբերի, 2015թ․
Թբիլիսի, 18-ը դեկտեմբերի, 2015թ․

2015-ին Գերմանիայում 167 հազար բնակարանային գողություն է կատարվել, որոնց մեծ մասի հեղինակները հենց վրացիներն են:

Վրաստանի հանցավոր աշխարհը կարող է դառնալ այն հիմնական խոչընդոտը, որի պատճառով Եվրամիությունն այդ երկրի հետ ազատ վիզային ռեժիմ չի սահմանի: Գերմանական լրատվամիջոցների տեղեկություններով, այս մտավախությունները հատկապես ուժեղ են Անգելա Մերկելի հարազատ կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության, ինչպես նաև դրա դաշնակցի` Բավարիայում իշխող Քրիստոնեա-սոցիալական միության շարքերում:

Die Welt-ի տեղեկություններով, անցած շաբաթավերջին Գերմանիայի խորհրդարանում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ դռնփակ քննարկում է կազմակերպվել, որի ժամանակ ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը գերմանացի պատգամավորներին Վրաստանում տիրող քրեածին իրավիճակի վիճակագրությունն է ներկայացրել` պնդելով, որ կազմակերպված հանցավորությունը Վրաստանի համար ազգային մակարդակի խնդրի է վերածվել: Բացի այդ, գերմանական լրատվամիջոցները պնդում են, որ վրացական հանցավոր խմբերը շատ ակտիվ են նաև Եվրամիության, նախևառաջ՝ Գերմանիայի տարածքում:

Այդ երկրի քրեական ոստիկանության տվյալներով, 2015-ին Գերմանիայում 167 հազար բնակարանային գողություն է կատարվել, որոնց մեծ մասի հեղինակները հենց վրացիներն են: «Գերմանիայում ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների մի զգալի մասը սերտ կապեր ունի հանցավոր խմբավորումների հետ: Որևէ այլ երկրի քաղաքացիներ վրացիների հետ այս առումով համեմատվել չեն կարող», - ըստ Spiegel-ի, Բունդեսթագում կայացած փակ քննարկման ժամանակ հայտարարել է իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Արմին Շուստերը: Քրիստոնեա-սոցիալական միության անդամ Հանս-Պետեր Ուլի կարծիքով էլ՝ «ազատ վիզային ռեժիմի հաստատումը կհանգեցնի չվերահսկվող ներգաղթի ծավալների աճին»:

Բնական է, որ Թբիլիսիում այս զարգացումները մեծ ոգևորություն չեն առաջացնում: Առաջիններից մեկը Բեռլինից ստացվող տեղեկություններին արձագանքեց արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: «Ես ցավում եմ, որ քաղաքական որոշումն ուշանում է: Այնուհանդերձ, մենք լավատեսորեն ենք տրամադրված, չնայած այն իրողությանը, որ այս փուլում մեր լծակները խիստ սահմանափակ են: Այժմ որոշում պետք է կայացնեն մեծ պետությունները: Մենք նրանց գործը ավելի դյուրին դարձնելու համար լուրջ քայլեր ենք ձեռնարկում նաև քաղաքական մակարդակում: Բայցևայնպես, վերջնական որոշում դեռ չկա»,- նշել է Վրաստանի արդարադատության նախարարը:

Վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները երկուշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Առաջիկայում Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Բեռլին` կրկին քննարկումների հիմնական թեմա դարձնելով վիզային ազատ ռեժիմի հաստատումը: Այս թեման առանցքային էր նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին դիմելով՝ Վրաստանի նախագահը հայտարարում էր՝ «Վրաստանի հարցը չպետք է մոռացության մատնվի մյուս քննարկումների համատեքստում: Դա ազնիվ չի լինի: Դա կոտնահարի այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել»:

Մի քանի ժամ առաջ էլ Բրյուսելում Վրաստանի վիզային ռեժիմի ազատականացման հարցը Վրաստանի նախագահը քննարկեց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Եվրոպացի պաշտոնյայի խոսքից ևս պարզ դարձավ, որ Վրաստանին ազատ վիզային ռեժիմ շնորհելու հարցում վերջնական որոշումը դեռ կայացված չէ: «Անցած դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հաստատեց, որ Վրաստանը կատարել է այն բոլոր պարտավորությունները, որոնք անհրաժեշտ էին վերջնական դրական լուծման հասնելու համար: Ես վստահ էի, որ դա արագորեն կիրականացվեր: Վրաստանի քաղաքացիներին Շենգենի գոտի ազատ մուտքի իրավունք տրամադրելու հարցն այժմ քննարկվում է Եվրամիության խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG