Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ժամանակ, հիշեցնենք, ոստիկանությունը ուժ էր կիրառել փողոցը փակած ցուցարարների նկատմամբ, գետնին ընկած Եղնուկյանի ճակատը վնասվել էր:
«Ոչինչ էլ չի պարզվելու: Կոծկվելու է գնա՝ չնայած, որ իրենք ցույց են տալիս, որ ինչ-որ գործողություններ են անում, նորից ինչ-որ հարցաքննության են ինձ կանչել: Ես մերժեցի իրենց, ասի՝ էլ չեմ գալու, ինչ որ գիտեմ, ասել եմ, ասելիք չունեմ: Ասացին, որ՝ բերման կենթարկենք: Ասացի՝ բերման ենթարկեք», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Ռուզաննա Եղնուկյանը:
Նա համոզված է, որ արդեն ընկած ժամանակ է գլխին հարված ստացել, կարծում է, որ ոստիկանն է ոտքով հարվածել․ նրա ճակատին չորս կար էին դրել, տևական ժամանակ ապաքինվում էր:
Հարուցված քրեական գործով առայժմ անգամ կասկածյալ չկա: Վերջին անգամ քննիչի հետ զրուցել է Ռուզաննայի ամուսինը՝ ընդդիմադիր գործիչ Կարո Եղնուկյանը, երբ կնոջ արդեն չորրորդ անգամ էին կանչում հարցաքննության:
«Սպառնաց քննիչ Մինասյանը, որ՝ էս ինչ ա, շոու եք ուզում կազմակերպե՞լ, ասացի՝ շոու դուք եք կազմակերպում տանել-բերելով: Եթե դուք տուժողին ուզում եք բերման ենթարկեք, հրամմեցեք․․․ Ես դեռ էն գլխից Մինասյանին ասել էի՝ վստահ եմ, որ դուք պետք է այդ գործը ջրեք՝ հանցակազմի բացակայության պատճառով», - փոխանցեց Կարո Եղնուկյանը:
Եղնուկյանները տարակուսած են․ եթե անգամ պարզվի, որ հարվածը միտումնավոր չի եղել, ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը չի գնահատում ոստիկանների այդ օրվա գործողություններն առհասարակ․ - «Այդ ցուցարարների անվտանգությունը ապահովելու փոխարեն դուք վտանգի տակ դրեցիք այդ ցուցարարներին: Նույնիսկ երբ Ռուզանը ուշքը անցած գետնին պառկած էր, իրեն կարտոշկայի մեշոկի պես բարձրացրեցին, տարան»:
Փոխարենը Կարո Եղնուկյանն այսօր ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին․ ոստիկանությունը նրան վարչական պատասխանատվության է կանչում իրենց պահանջին չենթարկվելու համար․ - «Ուրեմն ես գնում եմ կնոջս պաշտպանելու, տեսնում եմ, որ կնոջս վտանգ է սպառնում, և այդ գործողությունների համար ինձ վարչական տույժի են ներկայացնում․․․ Բոլոր ոստիկանները, որ այդտեղ են եղել, ամեն մեկը մի հատ ցուցմունք է տվել: Այդ ցուցմունքը բոլոր բերման ենթարկվածների համար նույնն է, և բոլորն էլ նույն հոդվածի տակ մեղադրվում են»:
Այդ օրվա ակցիայի մասնակից Կարինե Տոնոյանը որպես վկա շուրջ երկու ժամ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում: «Ազատության» հետ զրույցում նա պատմեց․ - «Ես ցուցմունք եմ տվել, որ ոստիկանների գործողությունները տվյալ պահին եղել են շատ անհամաչափ, ես նույնիսկ կասեի անգրագետ․․․ թեկուզ Գևորգ Սաֆարյանի գործը, մի հատ տոնածառի պատճառով մարդը նստած է մի քանի ամիս, հիմա՝ Ռուզաննայինը: Այս ամբողջը ոստիկանների անհամաչափ գործողություններն են բնակչության նկատմամբ»:
Ընդդիմադիրները համոզված են, որ իրավապահները գիտեն, թե ով է հարվածել Ռուզաննային, ու դա է պատճառը, որ մեղադրանք չի առաջադրվում:
«Ասում ենք՝ պարոն Օսիպյան, կինը ասում է՝ այս ոստիկանն է, ցույց ենք տալիս ուղղությունը, ցույց ենք տալիս մարդուն, իսկ նա շուռ է գալիս մեջքով դեպի ցույց տված կողմը և ասում է՝ ես ձեզ խնդրում եմ, գնացեք ոստիկանություն և այնտեղ ցուցմունք գրեք: Դրանից աբսուրդ․․․ իրենց ոճն է՝ պարտակել», - ասաց Տոնոյանը:
Կարող Եղնուկյանը հավելեց․ - «Ես վստահ եմ, որ իրենք գիտեն: Այդ անձնական վկայությունները, որ ստացել են, պլյուս կա նկարահանումը, երևում է ոտքը: Պարզելը, թե դա ում ոտքն էր, այդքան էլ դժվար բան չէր»: