Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում մեկնարկելիք «Ֆորմուլա 1» մրցարշավի նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ:
«Քաղաքացիների հիմնարար ազատությունները և ցանկացած այլախոհություն ճնշող ադրբեջանական կառավարությունը ձգտում է օգտագործել այնպիսի մարզական միջոցառումներ, ինչպիսին «Ֆորմուլա 1»-ն է, որպեսզի ցույց տա իրեն իբրև ժամանակակից և մեծահոգի իշխանություն»,- ասված է կազմակերպության փոխնախագահ Դենիել Քալինգրեյթի հայտարարությունում:
Նա կոչ է արել միջազգային հյուրերին ուշադրություն դարձնել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վրա:
«Բաքու ժամանող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին կոչ ենք անում ուշադրություն դարձնել մրցումների շղարշի ետևում թաքնված իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության, ավելի քան 80 լրագրողների, քաղաքական ակտիվիստների և իրավապաշտպանների չհիմնավորված ձերբակալությունների վրա», - հայտարարում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:
Բաքվում «Ֆորմուլա 1» մրցարշավը կանցկացվի հունիսի 17-19-ը: