Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավոր․ ՀՀԿ-ն Հայաստանում ստեղծել է «պամիդորահեն տնտեսություն»


Արդեն մեկ շաբաթ խորհրդարանում շարունակվող 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում պատգամավորները կառավարությանը քննադատելու առիթը բաց չթողեցին։

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կառավարությանը վստահելու խնդիր կա․ օրինակ, հայտարարվել է, որ մոնոպոլիաների դեմ են պայքարելու, բայց դրանք բացահայտելու համար ժամանակ պետք չէ, քանի որ մոնոպոլիստներին բոլորն են ճանաչում․ - «Մոնոպոլիստների մի մասը էստեղ նստած է, մի մասն էլ էստեղից դուրս են: Էդ ինչպե՞ս է լինում, որ մարդը ստանում է պաշտոն, և մի տարի հետո նրա զոքանչը, որը երեք տարի առաջ Արաբկիրի շուկայում գազար էր վաճառում, ի դեպ, գազար վաճառելը ես բացարձակապես պախարակելի բան չեմ համարում, բայց ինձ զարմանալի է, թե ինչպես կարող է գազար վաճառողը մի տարում լինել հայտարարագրերով միլիոնատեր»:

Պատգամավորները հիշեցրին, որ կառավարությունը ոչ միայն մոնոպոլիաների, այլև կոռուպցիայի դեմ էր խոստացել պայքարել, իսկ ծախսերը՝ օպտիմալացնել։

«Ոչինչ էլ չի արվում», - բողոքեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ - «Բո որ հայտարարել ա կառավարությունը, որ ոչ-ստանդարտ միջոցառումներ․․․ ո՞րն ա: Հայտարարե՞լն ա մենակ: Ծառայողական մեքենաներ կրճատելը հասկացանք․ չաշխատող մեքենաները կրճատում եք: Մի քանի փոխնախարարի պաշտոն կրճատում եք: Հետո՞․․․ դրա մեջ ա մեր խնդիրը: Կամ հայտարարում եք, որ մենաշնորհների դեմ․․․ Հայտարարելու մե՞ջ ա»:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը տնտեսության զարգացման ռազմավարություն չունի, և ներկա վիճակով Հայաստանը չի կարող պայքարել արտաքին թշնամիների դեմ։ Նաև բյուջեի կատարողականին անդրադարձավ և շեշտեց, որ արձանագրված 3 տոկոսանոց տնտեսական աճը հիմնականում գյուղատնտեսության հաշվին է․ - «Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի առաջնորդությամբ Հայաստանում ստեղծել են պամիդորահեն տնտեսություն: Գյուղատնտեսության աճն էլ, կառավարության խոստովանությամբ, մեծապես պայմանավորված է բնակլիմայական բարենպաստ պայմաններով: Այսինքն, եթե 2015 թվականին երկու հատ կարկուտ ավել գար, երկու անձրև՝ պակաս, մեր երկրի երեք տոկոսանոց տնտեսական աճը հիսուն տոկոսով կկրճատվեր»:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, կառավարության միակ ծրագիրը անծրագիր պարտքերի փոխառությունն է․ արտագաղթը շատանում է, ներդրումները պակասում են, իսկ իշխանական տնտեսագետները միայն խոսում են․ - «2008 թվականին այդ ներդրումները կազմում էին մեկ միլիարդ հարյուր երեսուներկու միլիոն դոլար։ 2014-ին՝ արդեն երեք հարյուր ութսունութ միլիոն, 2015-ին՝ արդեն 169 միլիոն դոլար: Այս տարի արդեն մոտենում ենք զրոյի»:

Իշխող Հանրապետականի գործընկեր ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք 2015 թվականի բյուջեին դեմ են քվեարկել, քանի որ խնդիրներ կային, որոնք հիմա էլ առկա են․ - «Դա, առաջին հերթին, կոռուպցիոն իրավիճակն է և դրա դեմ վստահելի, իրական պայքարի անարդյունավետ լինելը: Երկրորդը մենաշնորհներն են տնտեսությամ մեջ»:

Ռուստամյանը ասաց, որ Հանրապետական կուսակցության հետ կնքած համաձայնագրում նաև այս խնդիրների լուծման մասին կետ կա, որը պետք է իրագործվի։

Ընդդիմադիրների քննադատությանը պատասխանելու եկան Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրանց կարծիքով՝ նախընտրական տարի է, այդ պատճառով էլ ընդդիմադիրները միայն քննադատում են, իսկ լուծումներ չեն առաջարկում։

«Մենք ամբողջ երկրի բեռը վերցրել ենք մեզ վրա, մենք հասկանում ենք այս ծանրությունը: Ես հասկանում եմ, որ ընտրական ժամանակահատվածում մարդիկ այլ գործերով են զբաղված: Եվ նաև արդարացնեմ այն պայմանը, որ հանձնաժողովներում ինչու ընդդիմադիրները չկային, դե մարդիկ զբաղված էին՝ ընտրություններ, նոր կուսակցաշինությամբ էին զբաղված․․․ Ինչո՞ւ չեն այնտեղ ելույթներ ունենում: Որովհետև այնտեղ ելույթները մասսայական չեն: Այստեղ տեսախցիկները շատ են», - ասաց Բաղդասարյանը:

«Հավաստիացնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք երկրում կուտակված խնդիրների լուծման համար», - հավելեց Գալուստ Սահակյանը:

2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներն այսօր խորհրդարանում ավարտվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG