Մատչելիության հղումներ

Գեղամ Բաղդասարյան․ «Չէի ուզենա, որ առողջ հանդգնության, ազատամտության մեջքը կոտրվեր»


ԼՂ ԱԺ նախկին պատգամավորը մի լուսավոր կետ, այնուհանդերձ, մատնանշում է Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությանը հաջորդած զարգացումներում:

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում իշխանություններին սուր քննադատության ենթարկած՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը հաջորդ օրը ծեծի ենթարկվեց:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ դատապարտեց ընդդիմադիր պատգամավորի հետ տեղի ունեցածը՝ մասնավորապես, հայտարարելով․ - «Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին»:

Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի կարծիքով էլ՝ միջադեպը վնաս հասցրեց նաև Ղարաբաղի միջազգային վարկանիշին:

«Ես այսպես եմ մտածում․ ասենք, Ղարաբաղի առջև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ի՞նչ մարտահրավերներ այսօր կան, ինչի՞ է ձգտում նորանկախ պետությունը՝ միջազգային ճանաչման, քաղաքակիրթ երկրների ընտանիքում, արևի տակ իր տեղը գտնելուն, ապահով, անվտանգ կյանքի, և այլն, և այլն: Ես ուզում եմ հասկանալ՝ Հայկ Խանումյանի դաժան ծեծը այս ո՞ր մի նպատակով էր արդարացված», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բաղդասարյանը՝ շարունակելով․ - «Եթե կշեռքի մի նժարին դնենք այս նպատակները, մյուս նժարին ի՞նչ ենք դնում․ միանշանակ, մի բան՝ իշխանություն, աթոռ և մյուս բաները»:

Այսինքն, ըստ Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավորի, «այս դեպքը ցույց տվեց, որ այս մի նժարը՝ իշխանությունը, փողը, դիրքը և այլնը, շատ ավելի ծանր է իշխանությունների համար, կոնկրետ մարդկանց համար, քան թե Ղարաբաղի միջազգային ճանաչումը, քան թե Արցախի լուսավոր ապագան»:

Ի պատասխան հիշեցման՝ «Արցախի իշխանություններն ասում են, որ, հավանաբար, Խանումյանին անձնական դրդապատճառներով են ծեծել, և իրենք որևէ կապ չունեն նրա դեմ կիրառված բռնության հետ», Բաղդասարյանը արձագանքեց․ - «Խնդիր չեմ տեսնում, եթե ուզում եք որևիցե մեկին զվարճացնել՝ զվարճացնենք ու ասենք՝ խնդիրը այլ հարթությունում է, արդյո՞ք կհավատան, մեղմ ասած: Ես չեմ կարծում, թե նման միջադեպ կարող է տեղի ունենալ առանց որևէ տարածքի պատասխանատուների իմացության, առնվազն»:

«Խանումյանը մեզ հետ զրույցում հույս է հայտնել, որ քննությունը իսկապես մեղավորներին կբացահայտի՝ գոնե կատարողներին, Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք», - այս հարցին էլ Գեղամ Բաղդասարյանը պատասխանեց․ - «Նույն կարծիքին եմ՝ կատարողներին, այն էլ՝ ոչ բոլոր կատարողներին, կպատժեն ձևականորեն, ինչպես եղել է, ասենք, Բերձորի դեպքերից հետո՝ մի քանի ոստիկանի ազատել են և այլն, դրանով ամեն ինչ կփակվի, կհարթվի ամեն ինչ, իբր ոչինչ էլ չի եղել, բայց դաս կլինի, ասենք, շատ-շատերի համար, թե իրենց ինչպես պիտի պահեն, ինչով է հղի իշխանության կարծիքին չհամապատասխանող կարծիք հայտնելը»:

«Չէի ուզենա, որ առողջ հանդգնության, ազատամտության մեջքը կոտրվեր՝ ես սրանից եմ վախենում», - շեշտեց Բաղդասարյանը:

Իշխանությունների արձագանքը գնահատելու խնդրանքին ի պատասխան՝ նա ասաց․ - «Ընդհանուր առմամբ, իշխանությունների արձագանքին գնահատական տալը մի քիչ դժվար է, բայց, անկեղծորեն ասած, հաճելիորեն զարմացած եմ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի դիրքորոշումից՝ տրվեց հստակ գնահատական կատարվածին, և, փաստորեն, դա Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների կարծիքն էր: Սա միակ լուսավոր կետն էր վերջին օրերի տխուր այս պատմության»:

Ղարաբաղի խորհրդարանի խմբակցությունները, հիշեցնենք, հայտարարություն են տարածել Խանումյանի նկատմամբ բռնության կապակցությամբ՝ դատապարտելով տեղի ունեցածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG