Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Եվրոպային կոչ կանի պահպանել հակառուսական պատժամիջոցները


ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Ադամ Շուբին, արխիվ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Ադամ Շուբին, արխիվ

Ադամ Շուբինն այսօր ժամանում է Եվրոպա:

Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Ադամ Շուբինն այսօր ժամանում է Եվրոպա:

Նրա առջև դրվել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում պատժամիջոցների հարցում Վաշինգտոնի տեսակետը ներկայացնելու խնդիր:

Ամերիկայի համոզմամբ, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պահպանումը բխում է արևմտյան երկրների շահերից:

Շուբինն այսօր ժամանում է Փարիզ, ապա կմեկնի Բեռլին: Հենց այդ երկու երկրներում վերջերս հանրային բանավեճի առիթ է դարձել հակառուսական պատժամիջոցները չեղարկելու գաղափարը:

Շուբինի զրուցակիցները կլինեն Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործոց, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների բարձրաստիճան ծառայողները, ինչպես նաև մասնավոր բանկերի և ֆինանսական կենտրոնների ներկայացուցիչները:

Ադամ Շուբինը եվրոպացիներին կփոխանցի Վաշինգտոնի կոչը՝ պահպանել պատժամիջոցները, քանի դեռ Մոսկվան չի կատարում Մինսկի համաձայնությունները:

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին մտահոգում Արևմուտքի միասնությունը հենց Ֆրանսիայի և Գերմանիայի պարագայում:

Ապրիլի 28-ին ֆրանսիացի օրենսդիր Թիերի Մարիանիի նախաձեռնությամբ խորհրդարանն ընդունեց պարտադիր ուժ չունեցող մի բանաձև, որը կոչ է անում վերջ տալ պատժամիջոցներին: Ազգային ժողովի 577 պատգամավորներից միայն 101-ն էր ներկա նիստին, և ներկաներից միայն 55-ն էր հավանություն տվել հայտարարության տեքստին:

Նմանօրինակ կոչեր են հնչել Իտալիայում, որտեղ պնդում են, թե պատժամիջոցները վնաս են հասցնում երկրի սննդարդյունաբերությանը: Իտալացիներն ասում են, թե 2013-15 թվականների ընթացքում հակառուսական պատժամիջոցների հետևանքով մասնավոր բիզնեսի կրած ընդհանուր կորուստը հասնում է մոտ 4 միլիարդ դոլարի:

Մինչդեռ, ամերիկացի փորձագետների կարծիքով, դա նախևառաջ պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամով և ռուբլու արժեզրկմամբ: Որպես ապացույց, փորձագետները նշում են, որ 2015 թվականի ընթացքում ռուս-չինական առևտուրը նվազել է մոտ 28 տոկոսով, չնայած այն հանգամանքին, որ Չինաստանը երբևէ պատժամիջոցներ ռուսների նկատմամբ չի սահմանել:

Գերմանիայում էլ կան սանկցիաները չեղարկելու օգտին հանդես եկող մեծ թվով գործարարներ:

Վաշինգտոնում տեղակայված The Atlantic Council քաղաքագիտական-վերլուծական կենտրոնի փորձագետ Աարոն Կորևան նշում է, որ հակառուսական պատժամիջոցների չեղարկման կողմնակիցները չեն գիտակցում, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ըստ էության, հարձակում էր ամբողջ Եվրոպայի վրա: Եթե Պուտինի ագրեսիան անհետևանք մնա, եթե Եվրոպան ընդունի, որ իր արևելյան մասը Ռուսաստանի ազդեցության գոտի է, Պուտինը բնավ կանգ չի առնի, և ի վերջո կտուժեն եվրոպական բոլոր երկրները, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման կողմնակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG