Մատչելիության հղումներ

Շարունակվում է «Ազատության» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով դատավարությունը


«Ազատության» լրագրողներ Գարիկ Ազիբեկյանը և Անուշ Մկրտչյանը դատարանի դահլիճում: 2-ը հունիսի, 2016 թ․
«Ազատության» լրագրողներ Գարիկ Ազիբեկյանը և Անուշ Մկրտչյանը դատարանի դահլիճում: 2-ը հունիսի, 2016 թ․

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց սահմանադրական հանրաքվեի օրը «Ազատության» լրագրողի և օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող Սիրուշ Հովհաննիսյանի դատավարությունը։

Ըստ մեղադրանքի, Հովհաննիսյանը, բռնություն գործադրելով, դիտավորյալ խոչընդոտել է «Ազատության» լրագրողի և օպերատորի լիազորությունների իրականացմանը, հրել և քաշքշել է լրագրողին, թքել է վրան։

«Ազատության» լրագրող Անուշ Մկրտչյանն ու օպերատոր Գարիկ Ազիբեկյանը դատարանում պատմեցին, թե դեկտեմբերի 6-ին ինչ է տեղի ունեցել: Այդ ընթացքում ամբաստանյալը պարբերաբար միջամտում էր․ մեկ նշում, որ լրագրողին չի քաշքշել, մեկ ասում, թե լավ է արել։

Այսօր գործով յոթ վկաներից հինգը հարցաքննվեցին։ Նրանք հիմնականում նշում էին, թե «Այո»-ի շտաբ էին եկել բուտերբրոդներ պատրաստելու համար: Ասում էին, թե շատ քիչ բան են հիշում այդ օրը կատարվածից։ Մեղադրող Գևորգյանը վկաներին հերթով հիշեցնում էր իրենց նախաքննական ցուցմունքները:

Վկաներից միայն Թամարա Ասատրյանը նշեց, որ տեսել է, թե ամբաստանյալն ինչպես է լրագրողին խոչընդոտում ու թքում նրա վրա։ Ասաց, որ կնոջը չի ճանաչել, բայց քանի որ ամբողջն իրենց տարածքում է կատարվել, անձամբ Անուշ Մկրտչյանից ներողություն է խնդրել։

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 20-ին։

XS
SM
MD
LG