Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան. Ձերբակալությունները իշխանությունների դեմքը փրկելու միջոց էին


Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, բացահայտման գործընթացը թափանցիկ չի իրականացվում։

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ձերբակալությունները, ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի, կապ ունեն ապրիլյան պատերազմի ընթացքում, պատերազմից հետո առաջացած իրավիճակի հետ։

«Այնքան բան բացահայտվեց, այնքան, այսպես ասենք, թագավորը մերկ էր, հա՞՝ բանակը, զինված ուժերը և բազմաթիվ երևույթներ, որ մենք պատկերացում անգամ չունեինք։ Ես ինքս, որ բանակով բավականին երկար տարիներ զբաղվում եմ, կարծում եմ, որ այդ ձերբակալությունները իհարկե իրենց՝ իշխանությունների դեմքը փրկելու միջոց էին։ Ես, և ոչ միայն ես, այլև ամբողջ ժողովուրդը, իհարկե, շատ ուրախ կլինենք, որ լինեն բացահայտումները, և իրոք, եթե սկսել են բացահայտել, ուրեմն բացահայտեն», - ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի գնահատմամբ, սակայն, բացահայտման գործընթացը թափանցիկ չի իրականացվում։ «Դատելով այն իրավիճակից, որ թափանցիկ չի և հրապարակային չի, որ հանրությունը չգիտի, և հարց է առաջացել՝ պատերազմի՞ հետ է կապված, թե՞ այլ բանի հետ, դա նշանակում է, որ չկա այդ թափանցիկությունը, որը պարտադիր գործոն է։ Սա բոլորին մտահոգող խնդիր է, որովհետև անմեղ տղաներ են զոհվել պատերազմի օրերին և իշխանության վրա են այդ զոհերը, և իրենք պետք է պատասխան տան նաև ինչ-որ բան անելու համար։ Աստված տա, որ բացահայտեն մինչև վերջ, և իրոք մենք իմանանք, որ բանակի ներսում ուզում են լրջագույն փոփոխություններ անել», - ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ամեն ինչի պատասխանատուն նախագահ Սերժ Սարգսյանն է՝ գերագույն գլխավոր հրամանատարը։ «Ես շատ եմ ուզում հավատալ, որ պետք է ինչ-որ բան անեն, փոխեն, և առաջին պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է՝ գերագույն գլխավոր հրամանատարը։ Իր մեղքի բաժինը շատ մեծ է այստեղ, և եթե չի անում, չեն անելու և եթե էլի կիսատ-պռատ, կոծկելով են անելու, առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է այս ամեն ինչի։ Չգիտի՞՝ ինչ է կատարվում այս երկրում, չգիտե՞ր, լավ, չգիտեի՞ր՝ հիմա տեղի է ունեցել այդ ամեն ինչը, զոհեր ենք ունեցել, տարածքներ եք հանձնել, բայց գոնե հիմա պե՞տք է մտածել, թե՞ չէ», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Մայիսի 30-ին ձերբակալվել են գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։

Զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG