Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Քննչական կոմիտեն մանրամասներ դեռևս չի հրապարակում։
Մելս Չիլինգարյանը եղել է Հայաստանի Զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետը։ Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 20-ի հրամանագրով Չիլինգարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Հայաստանի Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: «Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դավիթ Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ», - ասված էր հաղորդագրությունում:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Աբրահամյանը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։