Մատչելիության հղումներ

Նալբանդյանը չի հստակեցնում հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր չհստակեցրեց՝ արդյո՞ք հաջորդ ամիս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

«Եթե հնարավոր լինի հայտարարել դրա մասին, մենք կհայտարարենք», - ասաց Նալբանդյանը:

Վիեննայում շուրջ տասը օր առաջ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնել, որ հունիսին հնարավոր կլինի կազմակերպել նախագահների հերթական հանդիպում, իսկ մինչ այդ հնարավոր կլինի հաջողություն գրանցել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցում: Արտգործնախարար Նալբանդյանն այսօր հաջողությունների մասին չխոսեց: «Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք», - ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց նա:

Նախարարն այսօր մասնակցում էր Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված ընդունելությանը: Նալբանդյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Եվրամիության հետ նոր պայմանագրի շուրջ անցյալ տարվա դեկտեմբերից ընթացող բանակցություններին:

«Այն կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը, կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղեցույցները, հնարավորություն կտա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել», - նշեց նա:

Ընդունելությանը մասնակցում էր Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հետ նոր պայմանագրի շուրջ քննարկումներում կան որոշակի բարդություններ:

«Կան բարդ հարցեր, սակայն ես շատ լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ ինչպես հայկական կողմում, այնպես էլ եվրոպական կողմում տեսնում եմ դժվարությունները հաղթահարելու կամք», - նշեց Սվիտալսկին:

Այդուհանդերձ, Եվրամիության հետ նոր պայմանագրի կնքման ժամկետների մասին ԵՄ դեսպանը չխոսեց, նշելով, որ ի սկզբանե պայմանավորվածություն կա ժամանակային սահմանափակումներ չմտցնել:

«Երկու կողմերի ցանկությունն է համաձայնագիրը վերջնականացնել հնարավորինս շուտ, սակայն երբ՝ դժվար է ասել», - հայտարարեց նա, ընդգծելով՝ բանակցությունները շարունակվում են․ - «Շատ բարի, ընկերական մթնոլորտ է, հիմա մնում է վերհանել բարդ խնդիրները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG