Գործադիրի նիստում նման առաջարկությամբ ներկայացած արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հետևյալ կերպ բացատրեց լրացուցիչ ավտոմեքենաներ ձեռք բերելու անհրաժեշտությունը․ - «Ոչ թե կոնկրետ անձի սպասարկման համար է հատկացվում, այլ ծառայությանն է հատկացվում»:
Նախարարը մանրամասնեց, թե 2005 թվականի համեմատ 2014-ին ԴԱՀԿ-ում հարուցված կատարողական վարույթների թիվը ավելացել է գրեթե վեց անգամ, և այս որոշմամբ ծառայության յուրաքանչյուր ստորաբաժանմանը կհատկացվի առնվազն մեկ ավտոմեքենա:
«Ազատության» հարցմանը, թե ինչ մակնիշի մեքենաներ են գնվելու ԴԱՀԿ ծառայության համար, և դա որքան կարժենա Հայաստանի հարկատուներին, Արդարադատության նախարարությունից արձագանքեցին, որ այս հարցերի պատասխանը պարզ կլինի, երբ կառավարության այսօրվա որոշումը ուժի մեջ մտնի և հստակեցվի, թե ինչ մոդելի ավտոմեքենաներ են ձեռք բերվելու:
Հայտնի է, որ գալիք տարվա պետբյուջեի եկամուտները (1 տրիլիոն 183 միլիարդ դրամ) գրեթե 8.5 միլիարդ դրամով պակաս են լինելու այս տարվա պետական բյուջեի եկամուտներից (1 տրիլիոն 191 միլիարդ 471 միլիոն դրամ), այդուհանդերձ նման պայմաններում իշխանությունները որոշել են 2016-ին ևս 83 ավտոմեքենայով ավելացնել ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր թիվը՝ հասցնելով 1072-ի:
Գործադիրի նիստի օրերին կառավարության շենքի դիմաց կարելի է տեսնել հարկատուների հաշվին գնվող, սպասարկվող թանկարժեք մեքենաները, որոնցից օգտվում են ոչ միայն նախարարները, տարաբնույթ գերատեսչությունների ղեկավարները, այլև նրանց տեղակալները, իսկ երբեմն էլ՝ տեղակալների տեղակալները:
Այսօր, օրինակ, հանդիպեցինք նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին, ով դուրս եկավ կառավարության շենքից ու նստեց «Տոյոտա» մակնիշի իր ծառայողական ավտոմեքենան:
Քիչ անց հանդիպեցինք Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին․ նրան սպասարկում է «Նիսսան» մակնիշի ծառայողական ավտոմեքենա: Լրագրողներին Արեյանն ասաց․ - «Կարծում եմ, դա էդ թեման չէր, որ էսօր դառնար քննարկման, շահարկման թեմա: Ինչ մնում է էս մեքենային, ես ամբողջ օրը պտտվում եմ քաղաքով»:
Համեմատության համար ներկայացնենք հանրահայտ մի օրինակ՝ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը 2008 թվականից երթևեկում է հեծանվով:
«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն ասաց, որ 2016-ի պետբյուջեով 1072 ծառայողական ավտոմեքենաների սապսարկման համար նախատեսված է 1.2 միլիարդ դրամ, բայց այս գումարի մեջ չեն մտնում վարորդների աշխատավարձերը:
Գևորգյանը համեմատեց Դանիայի հետ, ուր պետական բյուջեն մոտ 60 անգամ մեծ է հայաստանյանից, սակայն այդ երկրում կա ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա․ - «Սա, մեղմ ասած՝ անարդյունավետ ծախսերի ցցուն օրինակ է: Ցավոք սրտի՝ ոչ միակը: Պետական բյուջեի գումարները ծախսվում են ոչ նպատակային»:
Գևորգյանն իր վարկածն ունի, թե ինչու հայաստանյան պաշտոնյաները չեն կարողանում հրաժարվել հարկատուների հաշվին իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներից․ - «Որովհետև կարծում են, որ մենք շատ հինավուրց և մարդկության պատմության վրա շատ մեծ հետք թողած ազգ ենք, ե երկրի նույնիսկ ամենացածր պաշտոնյան պիտի օգտվի ծառայողական մեքենաներից, որովհետև երբ որ մենք խաչքարեր էինք տաշում, Դանիայում նույնիսկ բանան չէին ուտում, որովհետև այնտեղ բանան չի աճում»: