«Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուս ձեռք բերելու հնարավորություն կա», - հանդիպման ավարտին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ փոխանցելով, որ պատրաստվում է նաև ընդդիմության, իշխանության ու քաղաքացիական հասարակության համատեղ հայտարարություն։
«4+4+4-ի հայտարարության տեքստը պատրաստվում է», - ասաց նա և շարունակեց․ - «Մենք մասնակցում ենք, մյուսներն էլ, բնականաբար, ովքեր որ այս պրոցեսի մեջ եղել են, մասնակցելու են։ Այն, ինչ որ մենք տեսել ենք, ըստ էության բոլոր այն հին պահանջները, որ նախապես ներկայացնում էին, բոլոր պահանջները բավարարված են: Եվ թող իզուր տեղը բաներ այստեղ չփնտրեն: Կհրապարակվի: Ես կարծում եմ, կավարտվի այս փուլը․ հիմա բանակցությունների մեջ են, չեն հրապարակում: Բայց մենք պնդելու ենք, որպեսզի հրապարակվի այն փաստաթուղթը, որի շուրջ բանակցում ենք: Եվ ով որ չի միանում, թող ինքը բացատրի, թե ինչու չի միացել»:
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները ևս մասնակցում են դրա մշակմանը: Անուններ, սակայն, չհրապարակեց՝ այդ գործը նրանց թողնելով։
4+4+4 պայմանական ձևաչափով քննարկումներին մասնակցած Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ) նախընտրեց չանդրադառնալ իշխանական Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի բացահայտմանը․ - «Ես լսել եմ, որ Արմեն Ռուստամյանը ինչ-որ բան է ասել: Մինչև ես իր հետ անձամբ չճշտեմ ինքը ինչ է ասել, որևէ մեկնաբանություն այդ թեմայով չեմ անի»:
Այսօրվա հանդիպումներին մասնակցած ուժերը նշում էին, որ եվրոպացիները շատ են կարևորում Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուսը։ Լևոն Զուրաբյանի խոսքով, համազեկուցողներն անգամ խոստացել են պատրաստվելիք զեկույցում շեշտադրել հարցը։
ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, դեռ կոնսենսուսի հասնելու հույսը չի կորցրել․ - «Իշխանություններին շատ դժվար է: Ամեն մի զիջումը նշանակում է իրենց համար, ասենք, մի հիսուն հազար ավելի քիչ կեղծված ձայն: Բայց մենք պետք է փորձենք հասնել արդյունքի»:
«Մենք չենք տանելու այս վիճակում ժողովրդին դեպի փողոց: Մենք չենք առաջացնելու Հայաստանում ցնցումներ այս վիճակում: Մենք չենք սպառնալու Հայաստանի կայունությանը: Բայց այս բոլորը՝ կարճաժամկետ կտրվածքով: Երկարաժամկետ կտրվածքով իշխանությունները իրենք պետք է հասկանան, որ եթե չլինի կոնսենսուս Ընտրական օրենսգրքի շուրջ, եթե չլինեն նորմալ ազատ և արդար ընտրություններ, Հայաստանի կայունությունը վաղ թե ուշ վտանգի է ենթարկվելու», - նշեց Զուրաբյանը:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ համազեկուցողներն ընդունում են, որ պատերազմը կանխելու գործում Եվրոպայի խորհուրդը լուրջ անելիք ունի: Ղարաբաղ, այդուհանդերձ, չեն այցելի․ - «Իրականությունն այն է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ղարաբաղը որևէ դրդապատճառ չունեին պատերազմ սկսելու, և, բնականաբար, խոսել ստատուս քվոյի փոփոխության մասին միայն կարելի է բանակցությունների ճանապարհով, այլ ոչ թե ռազմական միջոցներով, որ հիմա Ադրբեջանն այդ ճանապարհի վրա է: Սա առաջին հերթին հենց Ադրբեջանի պարտավորությունների կոպիտ խախտում է, որ ստանձնել է երկիրը Եվրախորհրդին անդամակցելու ժամանակ»:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի՝ ԵԽԽՎ պատվիրակ Ալան Միլիի խոսքերից հասկացել է, որ նրանք սխալներն ընկալել են․ - «Մարդը ընկալում է, որ՝ ապագայում ավելի տեղին կպահենք մեզ, ոչ թե ուղղակի կփորձենք բալանսավորել: Հիմա թե՞ ընդհանրապես հայտարարություն չեն անի՝ դրանով ասելով, որ ոչ մի կողմին չեմ ձեռ տա, թե՞ կսկսեն հասցեական անելը, դա ամեն օրվա աշխատանք է, որը նաև մենք մեր դիվանագիտությամբ պետք է անենք: Մարդը հիմա այդպես է ասում: Կարող է Հայաստանում է, դրա համա՞ր է այդպես ասում, կարող է գնալու է ուրիշ երկրում ա՞յլ ձևով ասի»:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողները Երևանում են երկօրյա այցով։ Նախատեսված են նաև նրանց հանդիպումները Հայաստանի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Հայաստանի հարցով համազեկուցողների այցը հերթական է, ծրագրված, որի արդյունքներով կհրապարակվի նաև զեկույց։
Նշենք նաև, որ Ալան Միլին ու Ջուզեպպե Գալատին նախընտրում են չշփվել լրագրողների հետ։