«Ցույց տվեք ինձ փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին», - այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, որը ռազմական գործողություններ է իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:
Լրագրողների դիտարկմանը, որ անձամբ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն է հայտարարել, թե Ռուսաստանը շարունակում է զենքի վաճառքը Ադրբեջանին, դեսպան Վոլինկինն արձագանքեց․ - «Մի րոպե սպասեք, կրկին վաճառել՝ չի նշանակում, որ վաճառում է, հասկանո՞ւմ եք»:
Ի պատասխան հարցի էլ՝ «ուզում եք ասել, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք չի՞ վաճառում», Ռուսաստանի դեսպանը եզրափակեց․ - «Ռուսաստանը Հայաստանին նույնպես զենք է վաճառում»:
«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում սահմանին ստեղծված իրավիճակին այսօր անդրադարձավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ վիճակը համեմատաբար հանգիստ է։ Իհարկե, կրակոցներ, խախտումներ, ըստ նախարարի, եղել են, բայց դրանք արժանի հակահարված են ստացել:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման խնդրին՝ ընդգծելով, թե դա շատ նուրբ հարց է:
Լրագրողները հարց հնչեցրին, թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը ձեռնպահ մնում Ղարաբաղի ճանաչումից։ «Ինչի՞ց եք վախենում» հարցին Նալբանդյանը պատասխանեց. - «Վախի հարց չկա, մենք որևէ բանից էլ չենք վախենում: Դա ցույց է տալիս նաև նա, որ միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը։ Եվ նաև կհիշեցնեմ` թե՛ Միացյալ Նահանգներից, թե՛ Ֆրանսիայից և թե՛ Ռուսաստանից հստակ հնչեց, որ գլխավոր հարցը բանակցությունների՝ դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման նաև հարցն է»։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ռուսաստանի կողմից ճնշումների արդյունքում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը օրակարգից դուրս եկել, Նալբանդյանն ասաց. - «Դա դատարկ խոսակցություն է»։
Նշենք, որ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ այսօր ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ մայիսի 9-ը վերաիմաստավորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ: «Շուշիի ազատագրումը մեր կյանքի և մահվան հարցն էր», - ասել է նախագահը։
Երկրի ղեկավարն այսօր նաև այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ապա, ավանդույթի համաձայն, եղել դաշտային խոհանոցում, որտեղ շնորհավորել է զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին։ «Բոլորիդ կենացը, ողջ լինեք, բոլորիս տոնը շնորհավոր», - ասել է նախագահը։