Հայաստանը այսօր նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, Լեռնային Ղարաբաղը՝ մայիսյան Եռատոնը։
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար: Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում: Այսօր մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում մեր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր հարյուր հազարներով ընկան չարիքի դեմ պայքարում: Նաև հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են»:
«Սա ոչ միայն ռազմական հաղթանակի, այլև խաղաղության տոն է: <...> Եվ մենք գիտենք այդ խաղաղության գինը», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:
«Մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց և վերարժևորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ: Արցախի դարավոր մշակութային կենտրոնը, որ ավանդաբար լույս, կրթություն, գիտություն և արվեստ էր սփռել իր շուրջը, վերածվել էր շուրջբոլորը մահ ու ավեր սփռող հրեշավոր կրակակետի: Շուշիի ազատագրումը մեր կյանքի և մահվան հարցն էր, և մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը», - ասված է ուղերձում:
«Այդ օրվանից 24 տարի անց՝ անցյալ ամիս, արդեն Շուշին ազատագրած ազատամարտիկների զավակները կրկնեցին իրենց հայրերի սխրանքը: Եվ նրանք դա արեցին ոչ թե ֆիդայական ջոկատների, այլ արդեն կայացած կանոնավոր բանակի կազմում: Նրանք ապացուցեցին, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր նոր սերունդ պատրաստ է նորովի և ավելի վստահորեն պաշտպանելու իր անվտանգությունը, խաղաղությունը և իրավունքները», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով», - ասված է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում:
«Ազգերի ու պետությունների հետ տոնում ենք պատմական հաղթանակը ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում, որին մասնակցություն բերեցին մեր ժողովրդի բազմահազար զավակներ` հայազգի փառապանծ զորավարներ ու զինվորներ: Տոնում ենք Շուշիի ազատագրումը և հաղթանակը Արցախյան ազատամարտում, որով պաշտպանեցինք մեր ժողովրդի ազատ, արժանապատիվ կյանքի արդար իրավունքը», - իր ուղերձում գրում է Վեհափառը:
«Մայիսի 9-ի հաղթական խորհուրդն այսօր առանձնակի զգացումներով է լցնում մեր հոգիները, քանզի հայրենանվիրումի նույն ջերմ ոգով մեր զավակները ապրիլյան օրերին իրենց սխրանքներով դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին` անառիկ պահելով մեր սահմանները», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ. տոն, որն իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի հաղթանակները՝ դառնալով հերոսության ու սխրանքի, անձնվիրության ու հայրենասիրության խորհրդանիշ, տոն, որը փառավորելով մեր անցյալը, լուսավորում է ապագան, ուղենիշ հանդիսանում սերունդների համար, սովորեցնում, թե ինչպես պետք է ապրել ու արարել, սիրել հայրենիքը և պաշտպանել այն»։
«Այս տոնական օրը մենք մեծարում և գլուխ ենք խոնարհում մեր հերոս պապերի ու հայրերի առջև, ովքեր Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ ձեռք ձեռքի հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում։ Գլուխ ենք խոնարհում Արցախյան ազատամարտում հաղթանակ կերտած քաջ հայորդիների առջև, ովքեր պաշտպանեցին սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի իրավունքը», - իր ուղերձում գրել է Բակո Սահակյանը՝ շարունակելով․ - «Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք մեծագույն մի հաղթանակ ևս. դա մեր երիտասարդ սերունդն է, մեր նորօրյա հերոսները, ովքեր պատվով են շարունակում իրենց նախնիների ավանդույթները` մարտի դաշտում հյուսելով նոր առասպելներ ու լեգենդներ: Պաշտպանության բանակի մեր անձնուրաց զինվորներն ամուր են կանգնած իրենց դիրքերում և անառիկ են պահում Արցախի Հանրապետության սահմանները»:
«Մեր բոլոր այս հաղթանակները միասնության, վտանգի մեջ հայտնված հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ համախմբվածության հաղթանակն են։ Վստահ եմ, որ այս ոգին միշտ կուղեկցի մեր ժողովրդին, և մենք կտոնենք դեռ շատ հաղթանակներ: Դա է մեր նահատակների հիշատակը միշտ վառ պահելու լավագույն միջոցը: Դա է հարատևելու միակ ճիշտ ուղին: Դա է մեր միակ ճանապարհը», - ասված է Բակո Սահակյանի ուղերձում, որը հրապարակված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում: