Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատճառներ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցի քննարկման՝ հայաստանցի խորհրդարանականների նախաձեռնության առնչությամբ խուճապի համար: Այդ մասին նա հայտարարել է երեկ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմային․ չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա խորհրդարանի երկու անդամների առաջարկն է: Եվ Հայաստանի կառավարությունը իրենց օրենքներով, ինչպես նրանք բոլորին բացատրել են՝ հանդարտեցնելով կրքերը, պետք է պատրաստի եզրակացություն այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ տագնապ չէի հնչեցնի և խուճապի չէի մատնվի», - ասել է Լավրովը:
«Երբ ես Երևանում էի և երբ հետո շփվում էի գործընկերոջս հետ հեռախոսով, և հետո, երբ նա Մոսկվայում էր արդեն ապրիլի սկզբի իրադարձություններից հետո, ինձ հստակորեն վերահաստատել են Երևանի նվիրվածությունը խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, այլ ոչ թե միակողմանիորեն», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: