Մատչելիության հղումներ

SOS TV-ի հաղորդավարի դեմ Ոստիկանության հայցի քննությունը հետաձգվեց


SOS TV-ի հաղորդավարի դեմ Ոստիկանության հայցի քննությունը հետաձգվեց
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00

Այսօր նշանակված դատական առաջին նիստը սկսվեց ու ավարտվեց լարված մթնոլորտում:

Վիլեն Գայֆեջյանի վարած հաղորդման երկրպագուները պաշարել էին դատարանի շենքը: Թեպետ նիստը դռնբաց էր, այդուհանդերձ կարգադրիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին միայն հերթափոխով էին թույլատրում դահլիճ մտնել:

Ասեղ գցելու տեղ չկար նաև նիստերի դահլիճում: Հաղորդման մի քանի տասնյակ երկրպագուներ այդպես էլ չկարողացան ներկա գտնվել դատական նիստին:

Դիմող կողմի միջնորդությամբ դատարանն արգելեց տեսանկարահանումը:

Հաղորդավարի փաստաբան Հայկուհի Հարությունյանը դատարանին խնդրեց ժամանակ տրամադրել գործի մանրամասներին ծանոթանալու համար: Նա ասաց` հայցադիմումի տեքստից պարզ չէ, թե ով է Վիլեն Գայֆեջյանին դատի տվել․ Ոստիկանությո՞ւնը, թե՞ Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է եկել Ոստիկանությունն իր երեք աշխատակիցներով:

Դահլիճում էր նաև իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը, ում որդին SOS TV ստեղծագործական խմբի անդամ է: Ուսումնասիրելով հայցադիմումը՝ իրավապաշտպանը նույնպես չկարողացավ գլուխ հանել, թե ով է հայցվորը․ - «Սև արկղ է, միջից հայցվոր կա, բայց թե ով է այդ հայցվորը, չենք կարող առաջ գնալ: Մյուսը, Սահմանադրությամբ չնախատեսված մարմինը՝ Ոստիկանությունը, որը նույնիսկ իրավաբանական անձ չէ, որոշել է, որ ինքը վիրավորվել է: Կառավարությանն առընթեր մարմինը վիրավորվելու հատկանիշ չունի: Ոստիկանությունը պիտի գլխի ընկած լիներ»:

Մայիսին 25-ին «Յություբ» կայքին ուղղած Ոստիկանության պաշտոնական բողոքից հետո ժամանակավորապես արգելափակվել էր SOS TV-ի «Գ/7» հաղորդումը: Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի համար պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր բառերից է վիրավորվել Ոստիկանությունը․ - «Եթե կապացուցվի, որ «Գ գիծ 7» ձևակերպումը վիրավորանք է, դատավորը կընդունի, որ դա վիրավորանք է, մենք ահագին մեծ անեկդոտների պաշար ենք ունենալու առաջիկայում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանությունը դատի է տվել SOS TV ստեղծագործական խմբի անդամ Վիլեն Գայֆեջյանին՝ պնդելով, որ նա հաղորդումներից մեկում հրապարակավ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանների հասցեին, և դատարանից պահանջում է պարտավորեցնել հաղորդավարին՝ հրապարակավ ներողություն խնդրել Ոստիկանությունից: Իսկ համահայցվոր երկու ոստիկանները իրենց վիրավորելու համար Գայֆեջյանից փոխհատուցում են պահանջում իրենց աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 2 միլիոն դրամ:

Նիստի ավարտից հետո հաղորդավարն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, առավել ևս՝ մուծել 2 միլիոն դրամ փոխհատուցումը․ - «Ես ոչ մեկին չեմ վիրավորել, ոչ մի անձնական վիրավորանք ոչ մեկին չեմ հասցրել»:

Վիլեն Գայֆեջյանին զորակցելու եկած հաղորդման երկրպագուներն ասում են, որ եթե դատարանը պարտավորեցնի Վիլենին վճարել փոխհատուցման գումարը, ապա իրենք մեկ մարդու պես կհավաքեն այդ գումարը՝ ֆինանսական բեռը չթողնելով միայն հաղորդավարի ուսերին:

«Զորակցում ենք, որովհետև այն, ինչ ասվել է այդ հաղորդման ընթացքում, լրիվ կիսում եմ այդ խոսքերը: Իսկ եթե որոշ մարդիկ վիրավորվել են, այդ վիրավորանքը թող իրենց գործողությունների մեջ փնտրեն ու հասկանան, որ իրենց գործողություններն են բերել դրան», - «Ազատությանն» ասաց հաղորդման երկրպագուներից մեկը:

«Կարծում եմ՝ հայցն իր պահանջով ու հայցվորներով առհասարակ քննության ենթակա չպետք է լինի, ուր մնաց, թե դատարանը բավարարի պահանջը», - «Ազատությանը» ասաց Վիլեն Գայֆեջյանի փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG