Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները շարունակում են սուր հարցեր ուղղել Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակներին


Խորհրդարանում իշխանության ներկայացուցիչները երկրորդ օրն է պատասխանում են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ պատգամավորների հարցերին։

«Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակները դեռևս չեն ստացել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը», - խորհրդարանում այսօր հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց․ - «Դուք ասում եք, որ հիսուն պլյուս մեկի դեպքում մեծամասնությունը ստանում է բոնուս, բայց ոչ ավել, քան երկու երրորդը: Եթե հանկարծ նրանց ձայներն անցնում են երկու երրորդից, փոքրամասնությունը բոնուս է ստանում: Ուզում եմ ասել՝ որտեղի՞ց եք վերցրել երկու երրորդ թիվը, և որքանո՞վ է այդ թիվը հարմար այն բանի հետ, որ նոր Սահմանադրությամբ օրգանական օրենքներ ընդունելու համար, կամ սահմանադրական հոդվածները փոխելու համար, այն հոդվածները, որոնք թույլատրված է, բավական է ձայների երեք հինգերորդը: Երեք հինգերորդը վաթսուն տոկոս է: Որտեղի՞ց եք վերցրել վաթսունվեց ու վեց տոկոսը և ինչո՞ւ եք վերցրել: Մի՞թե տրամաբանական է, որ մեծամասնությունը լինի այնքան, որ ցանկացած օրգանական օրենք ինքը անցկացնի առանց ընդդիմության մասնակցության»:

Հարությունյանի արձագանքը․ - «Փոքրամասնության իրավունքների մեջ չեն մտնում օրգանական օրենքները: Օրգանական օրենքները ընդամենը ասում են՝ ավելի մեծ հենարան լինի քաղաքական: Փոքրամասնության պարագայում մենք խոսում ենք հակակշիռների և զսպումների մասին: Եվ հակակշիռների և զսպումների հիմնական մեխանիզմները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, խոսում են պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի մասին: Դրանով պայմանավորված է հենց վաթսունվեց տոկոսը»:

Նիկոլ Փաշինյանը վրդովված էր, թե ինչու պետք է առևտրային գովազդն ու նախընտրականը նույն գինն ունենան։ Նաև տպավորություն ուներ, թե անընդհատ ձևեր են մտածում վստահված անձանց տեղամասից հանելու համար։

Ընդդիմադիր պատգամավորի հարցն ուղղված էր Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին (ՀՀԿ)․ - «Ինչո՞վ հենց այսօր գոյություն ունեցող դրույթը, որը պրակտիկայում ապացուցել է իր կենսունակությունը, որ միայն ձերբակալության պայմաններում է հնարավոր դուրս հանել վստահված անձին կամ դիտորդին տեղամասից, ինչո՞վ ձեռնտու չէ: Սկզբից ասվում էր, որ հանձնաժողովի անդամների միայն երկու երրորդի քվեարկության արդյունքում կարող են իրենք հեռացվել, հիմա դրույթը դարձել է հետևյալ կերպ՝ հանձնաժողովի տվյալ պահին ներկա անդամների երկու երրորդի, այսինքն՝ շեմը իջեցրել եք»:

Սահակյանն արձագանքեց․ - «Այդ դրույթը նույնպես քննարկելի է, կարող ենք քննարկել Ձեր փաստարկները: Բայց երկու երրորդ ձայներով որևէ մեկին տեղամասից դուրս հանելը չի կարող լինել բացառապես մեկ քաղաքական ուժ ներկայացնող հանձնաժողովի անդամների ուժերով կամ միջոցներով: Հետևաբար այստեղ պետք է լինի․․․ կոնսենսուս․ եթե որևէ մեկը խախտում է ընտրական գործընթացները, խոչընդոտում է, ես չեմ կարծում, որ արտոնյալ պայմաններում պետք է իր այս միտումնավոր «սև գործը» մինչև վերջ տանի»:

Ի դեպ, հանրապետական Սահակյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դրական են գնահատում 4+4+4 պայմանական ձևաչափով քննարկումները։

ԸՕ-ի շուրջ բանակցություններն այս փուլում ձախողված համարող ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիչները նախ դադարեցրին իշխանության հետ հանդիպումները, իսկ երեկ ՀԱԿ-ը հայտարարեց խորհրդարանական քննարկումներին իր մասնակցությունն առկախելու մասին։

Այսօր, սակայն, բանակցություններին վերադարձի պայմաններ են առաջ քաշվել՝ միասնական 5 պահանջներից առնվազն 2-ի կատարում։

Իշխանությունը դեռ չի արձագանքել հայտարարությանը։

«Օրինակ, ինձ համար անձամբ բավականին հարցեր կային, որ քննարկման արդյունքում իր օգտակարի որոշակի հատիկը, հետքը թողեց», - ասաց Հովհաննես Սահակյանը:

XS
SM
MD
LG