Մատչելիության հղումներ

Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունը «չի կարող լինել այսօրվա իշխանության մաս»


ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը զրուցում է «Ազատության» հետ: 21-ը ապրիլի, 2016 թ․
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը զրուցում է «Ազատության» հետ: 21-ը ապրիլի, 2016 թ․

Պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը տարածած հայտարարությամբ պնդել են, որ Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունվի կոնսենսուսով: Նրանք անթույլատրելի են համարել իշխանությունների անզիջում վարքագիծը, հինգ պահանջներին ընդառաջ չգնալու գործելաոճը։

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության և քաղհասարակության բանակցությունների ձախողումը պատգամավոր Ստեփան Մարգարյանի մոտ հարցեր է առաջացրել․ - «Ուրեմն դուք ուզում էիք իմիտացիա անեիք համախմբման և կոնսենսուսի, միասնական ընդունելու իմիտացիա անեիք, բայց չկարողացաք․․․ ի վերջո փլուզվե՞ց»:

Էլինար Վարդանյանի խոսքով՝ քննարկվող Ընտրական օրենսգրքով չի կարելի գնալ ընտրությունների․ - «Վերջին օրերին, կապված նաև քառօրյա պատերազմի հետ, մենք ամեն օր խոսում ենք, նաև լսում ենք համախմբման կոչերի մասին: Համախմբումը միակողմանի չի լինում: Եթե այսպիսի հարցի շուրջ հատկապես իշխանությունների կողմից համախմբմանն ուղղված որևէ քայլ չի արվում, արդյո՞ք այդ հայտարարություններն ու կոչերը սին չեն»:

Առաջարկելով տարբեր այլընտրանքներ՝ իշխանությունն այդպես էլ չընդառաջեց ընդդիմության ու քաղհասարակության հիմնական պահանջին՝ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակմանը։

ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը զրուցում է «Ազատության» հետ: 21-ը ապրիլի, 2016 թ․
ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը զրուցում է «Ազատության» հետ: 21-ը ապրիլի, 2016 թ․

Մարգարյանին այդ համառությունը կասկածելի է թվում․ - «Եթե դու հետին միտք չունես, ինչո՞ւ չես համաձայնվում ցուցակները հրապարակել: Այն բոլոր բացատրությունները, որ դա կապված է մարդու իրավունքների խախտման հետ և գաղտնիության էլեմենտ է պարունակում, անկեղծ ասած, ծիծաղ են առաջացնում․․․ Կոնսենսուսը չկայացավ, բանակցությունները դադարեցին՝ եկեք մեկ անգամ ևս անդրադառնանք: Մեր ասածը սա է: Մենք պատրաստ ենք ինքներս մասնակցել, մենք պատրաստ ենք նպաստել դրան, մենք պատրաստ ենք նստել զրուցել: Միայն թե կայանա: Մենք շատ կարևորում ենք դա: Հակառակ դեպքում, ստացվում է, որ գնում է մի գործընթաց, ընդունվելու է մի օրենք, որը լեցուն է խախտումներ թույլ տալու հնարավորություններով: Հետևաբար հասարակությանը և քաղաքական ուժերին այլ բան չի մնում, քան համախմբվել՝ թույլ չտալու դա»:

Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի ու Վահե Հովհաննիսյանի անունները վերջին ամիսներին կապվում են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության հետ։

Մնալով ԲՀԿ խմբակցությունում՝ նրանք քաղաքական ուժից առանձին են գործում։ Թեև «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարել էր, թե միաձայն կողմ է լինելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, սակայն Մարգարյանը, Վարդանյանն ու Հովհաննիսյանը չեկան քվեարկությանը: Նրանց միացավ նաև Օսկանյանը։

Ստեփան Մարգարյանը չի հերքում, որ առաջիկայում կարող են մեկ կուսակցությունում հայտնվել․ - «Մենք բազմաթիվ հարցերում նույն ձևով ենք մտածում, հետևաբար նպատակահարմար է քաղաքական դաշտում ևս միասնաբար հանդես գալը: Ովքե՞ր կլինեն, և ինչպիսի՞ն կլինի այդ կուսակցության գաղափարախոսությունը, հուսով եմ, շուտով կտեսնեք»:

Հարցին՝ կուսակցությունն ընդդիմությա՞ն դաշտում է գործելու, Էլինար Վարդանյանը պատասխանեց․ - «Իմ կարծիքն է, և ես գիտեմ, որ իմ կարծիքը կիսում են նաև իմ ընկերները, իմ գործընկերները՝ այդ կուսակցությունը չի կարող լինել այսօրվա իշխանության մաս»:

XS
SM
MD
LG