Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստացավ․ մինչև մայիսի 10-ը խաղողագործների պարտքը կմարվի


Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի և հարակից բնակավայրերի խաղողագործները դեռ անցած տարվա հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց պարտքը մարելու պահանջով այսօր վաղ առավոտից հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։

Ցույցի մեկնարկից մոտ մեկ ժամ անց վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղացիներից մի քանիսին իր մոտ հրավիրեց ու վստահեցրեց՝ գումարը հենց այսօրվանից կսկսի վճարվել:

«Մեր հույսը ինքն էր, որ հանդիպեինք։ Ինքը ինչ էլ ասեր՝ մենք բավարարված էինք։ Մայիսի 10-ին վերջի գումարը տալու է», - պատմեցին խաղողագործները։

«Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործներին ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Գյուղացիների խոսքով, խաղողը մթերել են նույնիսկ կիլոգրամը 30-40 դրամով։ Պարտքի մարմանը նաև հարևան գյուղերի բնակիչներն են սպասում։ Գյուղացիներն այս ամիսների ընթացքում մի քանի անգամ նույնիսկ միջպետական ճանապարհը փակեցին, սակայն գումար այդպես էլ չստացան։

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը դեռ մարտին իր մոտ էր հրավիրել գործարանատերերին ու հորդորել պարտքը մարել մինչև ապրիլի 1-ը։ Գյուղացիներն ասում էին՝ հորդորելը քիչ է, գործարանին օգնություն է պետք տրամադրել։

«Գործարանի ղեկավարը ասում ա` գյուղնախարարը ինձ ստիպել ա, ասել ա ընդունի, ընդունել եմ, հիմա թող գան կողքս կանգնեն, բայց ոչ մեկն էլ իրա կողքը չի կանգնում», - ասում էր ցուցարարներից մեկը:

«Խափին` բերին էդ խեղճ մարդուն քցեցին կրակը, սաղ էլել են Ավետի [«Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանի] դեմ: Ավետը մեղավոր չի։ Գյուղնախարարը նստել ա կաբինետում, ասում ա` գյուղատնտեսության 15 տոկոս աճ: Ի՞նչ աճ, եթե էդ աճը ես իմ թևերի վրա չեմ զգում, չեմ տեսնում, գյուղնախարա՛ր, արի՛ դեմս բացատրի, էդ ո՞նց ա եղել, էդ ի՞նչ աճի մասին ես խոսում, եթե իմ ընտանիքը սոված ա», - հարցնում էր մյուսը:

Քաղցրաշենցիները երկուշաբթի ևս Կառավարության շենքի մոտ էին, այդ անգամ էլ վարչապետը խոստացել էր օգնել և մեկ-երկու օրում հարցը կարգավորել։ Իսկ նախքան Երևան հասնելը՝ խաղողագործները մի շարք բողոքի գործողություններ էին անցկացրել, անգամ փակել էին Երևան - Մեղրի միջպետական ճանապարհը և այդպես էլ իրականություն չդարձած խոստումներ ստացել թե՛ գործարանատիրոջից, թե՛ Արարատի մարզպետից, թե՛ գյուղնախարարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG