Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործներին տեղի գինու գործարանի վարձակալն այսօր հերթական խոստումը տվեց՝ մթերված խաղողի գումարը կվճարեն ապրիլի 20-ին։ Արդեն չորրորդ նման խոստումը հնչեց միայն այն բանից հետո, երբ գյուղացիները նախօրեին երկու ժամ շարունակ փակ պահեցին Երևան – Մեղրի միջպետական ճանապարհը։
Գյուղամիջում այսօր հավաքված զայրացած մարդիկ վարկերի ու հարկերի թղթերն էին ցույց տալիս։ Ասում էին՝ դեկտեմբերին նույնիսկ նախագահին են նամակ գրել, բայց նամակն անպատասխան է մնացել։ «Հարկատուներ ենք, գյուղապետարանում 500 հոգու անուն ա գրած, որ ոռոգման ջրի վարձը չեն տվել։ 10 օր հետո մեր գործերը կգնան հարկադիր։ Ոչ կարանք վարկ ստանանք, ոչ վարկ փակենք», «կեսից շատը խաբար չի, ես նոր եմ իմանում, ամսի 15-ից մեխանիկորեն տոկոս ա գալիս էդ հարկերի վրա, ինչո՞վ եմ տալու 150.000 դրամ հարկը», «մեր քրտինքն ենք ուզել մենք, իրանցից ոչ մի պահանջ չունենք, մենակ քրտինքը, էս ութ-ինը ամիս ա՝ չեն տալիս»,- բողոքում են քաղցրաշենցիները։
Գյուղ եկած Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խաղողագործներին վստահեցրեց՝ եկել է նրանց շահերը պաշտպանելու։ Հորդորեց մի փոքր էլ սպասել։ Դիմելով նրան՝ գյուղացիներից մեկն ասաց՝ «պարոն մարզպետ, նենց եք ներկայացնում, ոնց որ դուք ոչ մի բանից խաբար չեք, խաղող ընդունելու ժամանակ դուք պաշտոնական հայտարարեցիք, որ մինչև դեկտեմբերի 31-ը որոշ գումար կփակվի ժողովրդին»: «Չէ, ես տենց բան չեմ ասել»,- հակադարձեց մարզպետը:
Քիչ անց հավաքվածներին մոտեցավ նաև Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանը։ Եկել էր պարզելու՝ գյուղացիներից ո՞վ է լրատվամիջոցներին ասել, թե ինքն է պարտք խաղողագործներին։ Պարզաբանեց՝ թեև գործարանն իրենն է, գյուղացիներին օգնելու համար այն վարձակալության է հանձնել «Վինար» ընկերությանը։ «Ձեր վիճակը չհասկանայի, չէի խառնվի, Ձեր համար եմ անում, որ դուք պրծնեք իրանից»,- ասաց Կարապետյանը։
Քաղցրաշենցիներին գործարանը ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք: Գյուղացիների խոսքով, խաղողը մթերել են նույնիսկ կիլոգրամը 30-40 դրամով։ Պարտքի մարմանը նաև հարևան գյուղերի բնակիչներն են սպաում։ Գործարան եկած՝ «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանն ասաց՝ պարտքն ամբողջությամբ կմարի ապրիլի 15-20 հատվածում։ «Հիմա ոչ մի բան չի փոխվել իմ խոստացածի վրա, ես ձեր գումարները կփակեմ, մի քանի օր յոլա գնացեք, ես կսկսեմ փակել»,- խոստացավ Գալստյանը։
Գործարանատերերն իրենց հերթին պնդում են, որ արտադրանքը դժվարությամբ են իրացնում և այս հարցում նրանք կառավարությունից աջակցություն են ակնկալում։ Մարզպետին հարցրեցինք՝ պատրաստվու՞մ եք աջակցել։ «Մենք 18 գործարան ունենք մթերող, որոնցից մի 3-4-ում ունենք խնդիրներ, մնացած գործարաններն իրենց պայմանագրային պարտավորություններով են խաղողագործների հետ աշխատել»:
Չնայած նոր խոստումներին, գյուղացիները թերահավատ էին, ասում էին՝ վերջին վերջնաժամկետն են ուզում իմանալ։ «Նորից էս ամբողջ ժողովուրդը խաբված զգաց իրան», «սուտասան են սաղ, կառավարությունից եկած ոչ մեկի չեմ հավատում», «էսօր ամսի 1-ն ա, կխաբեն ժողովրդին»,- ասում էին քաղցրաշենցիները: