Երեկ Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի խորհրդի նիստը։ Խորհրդի ամենամսյա նիստերին, որոնք նախագահում է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, մասնակցում են Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները, բայց հաճախ ներկա են լինում նաև եվրոպական գործերով, պաշտպանության, զարգացման և առևտրի նախարարները։
Երեկվա նիստին ընդառաջ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին խոսել է Արևելյան գործընկերության հեռանկարի մասին։
«Մենք պետք է համաձայնեցնենք Արևելյան գործընկերության վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նկատմամբ մեր մոտեցումները, որովհետև այդ երկրներն ունեն տարբեր կարգավիճակներ»,- ասել է Վաշչիկովսկին։
Նա հիշեցրել է, որ վեց երկրներից երեքը` Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, Եվրամիության հետ կնքել են Ասոցացման պայմանագրեր, որոնք թեպետ դանդաղ, բայց իրագործվում են, մինչդեռ Հայաստանը, Բելառուսն ու Ադրբեջանն այդ գործընթացից դուրս են մնացել:
«Մենք պետք է մտածենք` ի՞նչ անել հետագայում։ Տրոհե՞լ Արևելյան գործընկերության ծրագիրը, թե՞ այդ երկրներից յուրաքանչյուրի հետ մշակել համագործակցության առանձին եղանակներ»,- ասել է Լեհաստանի արտգործնախարարը։
Արևելյան գործընկերության ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը 2008 թվականի մայիսի 26-ին Բրյուսելում Եվրամիության ընդհանուր գործերի և արտաքին հարաբերությունների նիստում ներկայացրել են Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարները։ Իսկ Եվրամիության Արևելյան գործընկերության հիմնադիր գագաթնաժողովը գումարվել է 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում։
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետները նշում են, որ Արևելյան գործընկերության հեռանկարին էական վնաս է հասցրել վերջերս Նիդերլանդներում տեղի ունեցած հանրաքվեն, որի արդյունքների համաձայն՝ հոլանդացիների 60 տոկոսը հավանություն չի տվել Ուկրաինայի և Եվրամիության Ասոցացման համաձայնագրին։
«Մենք պետք է հարցնենք ներկայումս Եվրամիությունը նախագահող Հոլանդիային` ինչո՞ւ հնարավոր եղավ մերժումը, չէ՞ որ եթե խոսում ենք եվրոպական համերաշխության մասին, ապա այն պետք է լինի բոլոր ասպարեզներում»,- ասել է Լեհաստանի արտգործնախարարը։
Հոլանդացիների հանրաքվեն պարտադիր ուժ չուներ, և Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի մերժումը սոսկ բարոյական, բայց բավական տհաճ հարված էր առավել սերտ եվրաինտեգրման գաղափարի ջատագովների համար։