«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ի գիտություն է ընդունում Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Այսօր այս մասին հայտարարեց Հրազդանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Սասուն Միքայելանի շտաբի ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Կիրակի օրը Հրազդանում անցկացված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` 14 տարվա քաղաքապետ Արամ Դանիելյանը ստացել է 12 հազար 510 քվե և հաղթել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Սասուն Միքայելյանը ստացել է 10 հազար 267 քվե, «Հայկական վերածննդի» թեկնածու Արթուր Միսակյանը՝ 1237։
«Ինչու ենք այսպես ասում, որովհետև մենք շատ կարևոր ենք համարում քաղաքական փոփոխություններ բերելը, քաղաքական փոփոխությունների հասնելը, բայց մեզ համար ակնհայտ է, որ ժողովրդավարական հանրությունում կամ ընդհանրապես՝ որևէ հանրությունում հնարավոր չէ փոփոխությունների հասնել առանց հանրության մեծամասնության աջակցության: Հետևաբար, էսօր մենք արձանագրում ենք, որ Հրազդանի հանրության 50 պլուս 1 տոկոսը նման պատվեր և պատվիրակում մեզ չի տվել, մենք դա ընդունում ենք ի գիտություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը վստահեցրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պահել է իր խոստումը՝ պաշտպանելով Սասուն Միքայելյանին տրված յուրաքանչյուր քվե։ Հրազդանի 28 տեղամասերից որևէ մեկում ընտրության արդյունքները ՔՊ-ն չի պատրաստվում բողոքարկել։ «Չեն եղել լցոնումներ, չեն եղել ձեզ հայտնի կեղծիքները, էն մեխանիզմները, որոնք մենք ներդրել էինք, սկզբունքորեն բացառում էր նման հնարավորությունը», - ասում է Փաշինյանը:
Թեև ընտրությունների ժամանակ մամուլում հրապարակումներ կային, որ Աբովյանից ավտոբուսով քաղաքացիներ են եկել Հրազդան քվերակելու, Փաշինյանն ասաց, որ այլ տեղերից ժամանած անձանց համատարած քվեարկություն չի եղել և որոշ հատվածական դեպքեր էական ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքի վրա. - «Հայաստանի Հանրապետության քաղաքացու` մեզ տրված յուրաքանչյուր քվե արձանագրվելու է դե յուրե պաշտոնական արդյունքներով: Ես սա համարում եմ մեր այսօրվա հանգրվանի ամենակարևոր եզրակացությունը»:
Միևնույն ժամանակ, նա նշում է՝ իրենց հայտնի է, որ արձանագրված արդյունքների վրա մեծապես ազդել է ընտակաշառքն ու հարկադրանքը։ Ըստ պատգամավորի՝ եթե ընտրակաշառք չբաժանվեր, Արամ Դանիելյանը հաղթելու շանս չէր ունենա։ Հիշեցնենք՝ Հանրապետական կուսակցության թեկնածուի շտաբից երեկ կտրականապես հերքել էին ընտակաշառք բաժանելու մասին հաղորդումները:
Թեև Հրազդան քաղաքը ևս 4 տարի կղեկավարի 2002 թվից ի վեր անընդմեջ ընտրված Արամ Դանիելյանը, այնուամենայնիվ, Փաշինյանի խոսքով` իրենք իրենց ընտրողին պարտության չեն տարել. - «Մենք մարդկանց տվել ենք հաղթելու հնարավորություն: Ես ասել եմ, որ ի գիտություն եմ ընդունելու քաղաքացու կայացրած ցանկացած որոշում: Հրազդանի քաղաքապետի ով լինելը որոշում է Հրազդանի քաղաքացին: Բայց էլի եմ ասում` եթե քաղաքացին գնում է գործարքի ընտրակեղծարարի հետ, այդ քաղաքացին կատարում է որոշակի ընտրություն»:
Միքայելյանի նախընտրական շտաբը ղեկավարած Փաշինյանը նաև շեշտում է, որ այնուամենայնիվ չի մեղադրում քաղաքացիներին, որոնց քվերարկության ժամանակ որոշիչ է եղել սոցիալական օգնությունը կամ կաշառքը, քանի որ շատ ընտրողներ ծայրահեղ աղքատ են։
«Նման դեպքերում ընդունված է մեղադրանքներ հնչեցնել քաղաքացիների հասցեին, ես դա չեմ անում: Որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում այն հազարավոր հրազդանցիներից, ովքեր իրենց սոցիալական վիճակի, քաղաքացիական հուսահատության բերումով ստիպված էին ընտրություն կատարել փողի և վարչական հարկադրանքի ներքո»,- շարունակեց Փաշինյանը:
Թե ինչպես են հաջորդ ընտրություններում պայքարելու ընտրակաշառքի դեմ, «Քաղաքացիական պայմանագրում» առայժմ պատկերացնում են տեսականում։
«Գաղափարը, տեսականորեն, հետևյալն է, որ մենք` որպես քաղաքական ուժ, քաղաքական գործիչներ, պետք է մարդուն առաջարկենք գաղափարներ, որ նրա համար շատ ավելի թանկ կլինեն, քան 10,000 դրամը», - ասում է Փաշինյանը: