Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը առաջնագծի ողջ երկայնքով ավելի քան 70 անգամ խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը` հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում` շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 2:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:
«Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ի պատասխան` Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ քայլերի և ճնշել հակառակորդի ակտիվությունը: Ղարաբաղյան ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել սահմանային բնագծի հուսալի պաշտպանությունը», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։