Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Հավաքն անցկացվում էր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Աբովյանի «Մուլտի գրանդ» հյուրանոցում։ Լրագրողներին թույլ տվեցին նիստերի սրահում անցկացնել մի քանի րոպե միայն, ինչպես ասում են՝ արարողակարգային տեսա-լուսանկարահանում կատարելու համար։ Դրանից հետո ԶԼՄ-ի ներկայացուցիչներին դուրս հրավիրեցին, ու փակ դռների հետևում քննարկված հարցերը միայն երկու ժամ անց ամփոփեց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ մի քանի րոպեում։
Հարցեր տալ այստեղ էլ չհաջողվեց․ Խաչատուրովի հայտարարությունից հետո բարձրաստիճան զինվորականները արագ լքեցին սրահը։
Ե՛վ Նիկոլայ Բորդյուժան, և՛ Յուրի Խաչատուրովը «Ազատության» հարցերին հրաժարվեցին պատասխանել նաև նիստից առաջ։ Ադրբեջանին ռուսաստանյան զենքի վաճառքն 3 տարի առաջ ընդամենը բիզնես համարած Բորդյուժան ասաց, թե ժամանակ չունի, պատրաստվում է իր ելույթին: Խաչատուրովն ընդհանապես չպատճառաբանեց լռությունը։
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերի սրացումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: «Ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են հակամարտության և իրավիճակի սրացման»․ ապրիլի 2-ին, ըստ լրատվամիջոցների, հայտարարել է նա՝ հաջորդ օրը փոխանցելով կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսակետը, թե «հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, դրա շարունակումը հղի է կովկասյան ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»:
Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ասաց, որ այսօր ևս անդրադարձել են վերջին իրադարձություններին․ - «Իմ գործընկերները տեղեկացվել են ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակի մասին։ Հայկական կողմը Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների առիթով լուրջ մտահոգություն է հայտնել՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ մարդկային զոհերի առիթով։ Հարցի առնչությամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն»:
Այսօրվա հավաքին անդրադարձ կատարած ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում, սակայն, Խաչատուրովի նշած որևէ մտահոգության մասին հիշատակում չկա։
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի հաջորդ նիստը ևս կանցկացվի Երևանում։
Կազմակերպությունում նախագահող Հայաստանն այսօր էլ հյուրընկալ էր․ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, օրինակ, նիստի սկզբում հույս հայտնեց, թե «թռիչքն այնքան էլ հոգնեցուցիչ չէր, իսկ գարնանային տաք եղանակը թույլ կտա հաջողությամբ ու լավ տրամադրությամբ անցկացնել նիստը»։