Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Խախտումները վերածվում են միջադեպերի, ՊԲ ևս մեկ զինծառայող է զոհվել


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ․
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, ապրիլ, 2016թ․

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ: Իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան (Թալիշ-Մարտակերտ), արևելյան (Մարտունի) և հարավային (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (12 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (16 արկ):

«Հատկանշական է, որ հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջին երկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ: Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանի դեպքը դրա ապացույցն է», - ասված է հաղորդագրությունում:

«Հաշվի առնելով այս հանգամանքը, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները իրենց մարտական խնդիրները կատարում են իրադրության զարգացման համահունչ և վստահորեն իրականացնում Արցախի սահմանների պաշտպանությունը: Առաջնային գծում տեղ գտնող միջադեպերից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը», - ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG