Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Հետ է շպրտվել ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը


Անցած գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է կատարել:

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը հայ դիրքապահների կողմից ժամանակին հավաստանշվել է և հետ շպրտվել:

ԼՂ Պաշտպանության բանակը փոխանցում է նաև, որ որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության խախտումներ: Մասնավորապես, Մարտակերտի և Հադրութի ուղղություններով ադրբեջանական զինուժը ականանետերից և նռնականետերից կրակել է հայկական դիրքերի վրա:

Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հավաստմամբ՝ իրավիճակը վերահսկվում է:

«Ամեն ինչ վերահսկվում է, վերահսկողության տակ է: Վտանգ չի սպասվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մնացականյանը՝ հավելելով նաև, որ անցած գիշեր հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս զոհեր ու վիրավորներ չունենք:

«Ազատության» հարցին, թե որքանով է հավանական, որ Ադրբեջանը կրկին դիմի լայնածավալ ռազմական գործողությունների, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը պատասխանեց․ - «Այդ հնարավորությունը երբևէ չպետք է բացառել: Ճիշտ է, հավանականությունը շատ քիչ է, որովհետև [հակառակորդը] ստացել է համարժեք պատասխան, ունի շատ մեծ կորուստներ: Նաև միջազգային հանրությունը բավականին հստակ մեսիջներ է ուղարկել պաշտոնական Բաքվին, որ այսպիսի սցենար երբևիցե չպետք է կրկնվի: Այնուամենայնիվ, մենք միշտ պատրաստ ենք, և այդպես էլ պետք է լինի․ բանակը միշտ պետք է ի վիճակի լինի և պատրաստ լինի կասեցնել ցանկացած փորձ: Այսօր եղել են փոքր փորձեր, բայց այդ ամենը կասեցվել է և թշնամին հետ է շպրտվել: Չնայած, որ հավանականությունը քիչ է, բայց ամեն պահի պետք է լինենք պատրաստ»:

Հավելենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ապրիլի 2-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հայկական կողմից զոհվել է 92 մարդ՝ զինծառայողներ, աշխարհազորայիններ, պահեստազորայիններ և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներ: Անհայտ կորած է մեկ սպա՝ կապիտան Արգիշտի Գաբոյանը:

XS
SM
MD
LG