Մատչելիության հղումներ

Տռուզյան․ Փորձաքննությունը ցույց կտա՝ գործ ունենք խոշտանգումների, թե դիակների անարգման հետ


Զոհված հայ զինծառայողների մարմինները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հանձնվում են հայկական կողմին, 10-ը ապրիլի, 2016թ․
Զոհված հայ զինծառայողների մարմինները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հանձնվում են հայկական կողմին, 10-ը ապրիլի, 2016թ․

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված 18 հայ զինծառայողների մարմինների վրա արտաքին զննությամբ արձանագրված խոշտանգումների, անարգանքի հետքերի առնչությամբ:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քրեական գործը հարուցված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ:

«Վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու մեր զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ և թե որ մարմնական վնասվածքը երբ է պատճառվել՝ նախքա՞ն զոհվելը, թե՞ մահից հետո: Այս պահին դեռևս եզրակացությունները չենք ստացել, դրանց մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ», - «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, ասաց Տռուզյանը:

«Ազատություն»․ - Այսինքն՝ այս պահի դրությամբ դեռևս հստա՞կ չէ՝ զինծառայողները մինչև սպանվե՞լն են խոշտանգվել, թե՞ սպանվելուց հետո:

Տռուզյան․ - Այդ հարցերի պատասխանները կարող ենք ունենալ միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո, որը դեռ պատրաստ չէ: Այնտեղ ունենք դեպքեր, երբ անգամ մարմնի առանձին մասեր են բացակայում և, բնականաբար, պետք է փորձագետները մեզ տան այդ եզրակացությունները, թե երբ է տեղի ունեցել, գործ ունենք խոշտանգմա՞ն, թե՞ դիակների անարգման հետ:

«Ազատություն»․ - Բայց ամեն դեպքում՝ հնարավո՞ր է պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

Տռուզյան․ - Փորձագետների առջև այդ հարցը դրել ենք, որովհետև պետք է մասնագետները տան եզրակացություն, թե որ մարմնական վնասվածքն է պատճառահետևանքային կապի մեջ մահվան հետ: Այն, որ տեղի են ունեցել խոշտանգումներ և անարգումներ՝ փաստ է: Դիակների արտաքին զննությունը արդեն իսկ բավարար փաստեր տալիս է մեզ: Ես կարծում եմ՝ առաջիկա օրերին արդեն դատաբժիշկները կտան հարցերի պատասխանները, և դրանք կներկայացնենք նաև հանրությանը:

«Ազատություն»․ - Իսկ դրանից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Քննչական կոմիտեն:

Տռուզյան․ - Եկեք ապառնի ժամանակով հարցերին այս պահին չպատասխանեմ: Կունենանք ապացույցները, յուրաքանչյուր դեպքով կատարվում է մանրակրկիտ և բազմակողմանի քննություն, և ձեռք բերված ապացույցների հիման վրա կատարվելիք քայլերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG